Բաժիններ՝

Հայաստանը չի մասնակցի «Մանկական եվրատեսիլ-2020»-ին

Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների և համավարակի պայմաններում:  Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Նա միանգամայն տրամաբանական է համարել այս որոշումը»,- ասված է հեռուստաընկերության հայտարարությունում:

Մրցույթը տեղի է ունենալու 2020թ. նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին կմասնակցի 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական եվրատեսիլ-2020»-ը պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա փոփոխված ձևաչափով՝ մասնակիցների ելույթները տեսագրվելու են և հեռուստաշոուի տեսքով ներկայացվելու հեռուստադիտողներին։

«Եվրատեսիլ» եւ «Մանկական եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալն ասել է. «Հայաստանը «Մանկական եվրատեսիլի» հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս