«Արման Դիլանյանը Վահե Գրիգորյանին խոսք է տվել 2 տարի հետո հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից, և ըստ էության 2 տարի անց մենք ՍԴ նոր նախագահ կունենանք». Էդգար Ղազարյան
Երեկ Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի՝ արդեն նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրեց, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն իրեն ազատել է զբաղեցրած պաշտոնից:
«Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ ինձ ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- մասնավորապես գրել էր նա:
168.am-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ սահմանվում է՝ որպես վարչական պաշտոն, և հետևաբար՝ այդ պաշտոնում նշանակումներ կատարելու իրավասությունը վերապահված է ՍԴ նախագահին:
«Այսինքն՝ պարտադիր չեն ինչ-որ պատճառներ, աշխատանքում թերացումներ, նկատողություններ կամ դիտողություններ, որպեսզի այդ պաշտոնում փոփոխություններ լինեն»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Հարցին, թե ե՞րբ են սկիզբ առել իր՝ աշխատանքից ազատվելու մասին խոսակցությունները ՍԴ-ում Արման Դիլանյանի նախագահության օրոք, Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ իր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա իրեն հրավիրել ու ասել է, որ ցանկություն չունի իր հետ աշխատելու, որ ցանկանում է այդ պաշտոնում այլ մարդու նշանակել:
«Նա ասում էր, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը մասնագիտությամբ պետք է իրավաբան լինի, չնայած օրենքը նման պահանջ չի նախատեսում: Օրենքով պահանջվում է, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը պիտի բարձրագույն կրթություն ունեցող անձ լինի: Մասնագիտական կրթության վերաբերյալ հավելյալ օրենսդրական պահանջներ չկան: Դա սուբյեկտիվ պահանջ է: Բայց դրանով ինքն ավելի շուտ ներկայացնում էր իր հետագա որոշման բովանդակությունը և ասաց, որ մտադրություն չունի ինձ հետ աշխատելու: Ես էլ ասել եմ, որ դա իր իրավասությանը վերաբերող հարց է, և ինքն է որոշում կայացնողը: Եվ քանի որ ես այդ ժամանակ ունեի արձակուրդից չօգտված օրեր, որոշում կայացվեց, որ ես հնարավորություն ունենամ օգտվել իմ այդ արձակուրդային օրերից, իսկ արձակուրդս ավարտվելու հաջորդ օրն արդեն ինքն ինձ ազատեց աշխատանքից»,- ասաց ՍԴ աշխատակազմի՝ արդեն նախկին ղեկավարը:
Ուշագրավ է, որ ՍԴ-ն արդեն ունի աշխատակազմի նոր ղեկավար, և այդ մարդը Սամվել Առաքելյանն է, ով մի քանի սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվեց ամիսներ առաջ, այն ժամանակ, երբ Էդգար Ղազարյանը գտնվում էր արձակուրդում, և Սամվել Առաքելյանը փոխարինում էր վերջինիս:
Սամվել Առաքելյանն այն մարդն էր, ով անաշխատ եկամուտի մեծագույն երկրպագու, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ միասին իրականացրել էր ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթման օպերացիան ու վերջինիս իրերը դուրս էր բերել այնտեղից ու ուղարկել Գյուլումյանի բնակարան՝ առանց նրան տեղյակ պահելու անգամ:
«Որևէ ձևով ինձ հետ որևէ մեկը կապ հաստատել չի էլ փորձել: Ինձ համար հենց տարօրինակը դա էր, որ Սամվել Առաքելյանը, որի հետ այդքան աշխատել եմ, միշտ նորմալ, ջերմ ընդունել եմ, ի տարբերություն շատ-շատերի, կարող էր գոնե ինձ զանգել, ասել»,- մեզ հետ զրույցում ասել էր ՍԴ դատավոր Ա․ Գյուլումյանը:
Սա նույն այն Սամվել Առաքելյանն է, ով ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգում ընդգրկված հարցը հանել էր օրակարգից ու վերադարձրել կողմերին:
Խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ)՝ հունիսի 26-ին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մասին է, որով վիճարկվում էին հունիսի 22-ին Խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։
Ըստ էության գործ ունեցանք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող անձը գերազանցում է ՍԴ իրավասությունը և դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում:
Փաստորեն, Սամվել Առաքելյանի ջանասիրությունն ու նվիրվածությունը Վահե Գրիգորյանին գնահատվեցին ըստ արժանվույն՝ բավականին պատկառելի պաշտոնի տեսքով վարձատրելով նրան:
Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ Սամվել Առաքելյանի նշանակումը ՍԴ ներսում թիմով աշխատելու ձգտման մասին է խոսում, Էդգար Ղազարյանն ասաց՝ այո:
«Սա, իմ կարծիքով՝ թիմային որոշման ու թիմային մոտեցման դրսևորում է, և իմ տպավորությամբ՝ այդ թիմի առաջնորդն Արման Դիլանյանը չէ, այլ Վահե Գրիգորյանը»,- նշեց Էդգար Ղազարյանը:
Թիմային մոտեցման մեկ այլ օրինակ էլ, ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի, ՍԴ մամլո խոսնակի նշանակումն է:
«Եվա Թովմասյանն է նշանակվել այդ պաշտոնում, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ, ակտիվիստ: Եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ: Այնուհետև զրկվել է մանդատից՝ հասկանալի չէ, թե ինչ պատճառով, որովհետև դրանից հետո նա այլ աշխատանքի չի նշանակվել, որն անհամատեղելի կլիներ ավագանու անդամի պաշտոնի հետ, որքան ես եմ տեղյակ»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այս նշանակումը ևս ցույց է տալիս, որ Վահե Գրիգորյանն ակնհայտ ազդեցություն ունի Արման Դիլանյանի կողմից կայացված որոշումների վրա, որովհետև մամլո քարտուղարին էլ է նշանակում և ազատում ՍԴ նախագահը:
«Իսկ Արման Դիլանյանը, որը եղել է Վարչական դատարանի դատավոր, հետո՝ ՍԴ դատավոր, օբյեկտիվորեն չէր կարող ճանաչել մարդու, որը ՀԱԿ-ում զբաղվում է քաղաքական գործունեությամբ կամ քաղաքական ակտիվությամբ: Բայց նրան օբյեկտիվորեն կարող էր ճանաչել այդ կուսակցության փաստաբան Վահե Գրիգորյանը: Եվ այդ նշանակումը նորից վկայում է այն մասին, որ և՛ կադրային, և՛ շատ այլ հարցերում ակնհայտ է Վահե Գրիգորյանի մեծ ազդեցությունն այս պահին ՍԴ նախագահի վրա: Այն արտահայտվում է ոչ ֆորմալ ձևով, բայց իրականության մեջ գոյություն ունի, ինչը, կարծում եմ, աննորմալ երևույթ է»,- նկատեց Էդգար Ղազարյանը:
Մի շատ ուշագրավ դրվագ ևս այս առումով ներկայացրեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:
«Երբ աշխատակարգային նիստում ՍԴ նախագահի ընտրության պրոցես էր տեղի ունենում, ու առաջադրվել էր Երվանդ Խունդկարյանը, Վահե Գրիգորյանը մի այսպիսի հարցադրումով հանդես եկավ, թե պատրա՞ստ է արդյոք պարոն Խունդկարյանն ընտրվելու դեպքում 1.5 տարի հետո հրաժարվել ՍԴ նախագահի պաշտոնից: Խունդկարյանը պատասխանեց, որ դա անտրամաբանական պահանջ է, քանի որ օրենքը ՍԴ նախագահի համար նախատեսում է պաշտոնավարման 6 տարվա ժամկետ, և եթե չլինեն այլ իրադարձություններ, հատուկ պահանջներ դատավորների կողմից, ուրեմն պետք է պաշտոնավարի նշված ժամկետով: Խունդկարյանին ի պատասխան՝ Վահե Գրիգորյանն ասաց, որ ոչ, դա այդպես չպետք է լինի, և որպեսզի 12 տարվա ընթացքում բոլոր դատավորներն էլ հասցնեն դառնալ ՍԴ նախագահ, պետք է այժմվանից դատավորներն իրենց ծանր խոսքը հնչեցնեն ու ասեն, որ հիմա ՍԴ նախագահ ընտրվող մարդը 1.5 տարի հետո իր զբաղեցրած պաշտոնից պետք է հրաժարվի՝ հնարավորություն տալով մյուսներին էլ ընտրվել ՍԴ նախագահ: Եվ այս համատեքստում հետաքրքիր է, որ, երբ ընտրվում էր Արման Դիլանյանը, նա հայտարարեց, որ 2 տարի հետո հրաժարական է տալու ՍԴ նախագահի պաշտոնից»,- հիշեց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ նշվածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կան որոշակի պայմանավորվածություններ, ինչը վկայում է այն մասին, որ Վահե Գրիգորյանն ուղիղ ազդեցություն ունի դեռևս չընտրված նախագահի վրա և նրանից արդեն խոսք է վերցրել, որ 2 տարի հետո ինքը լինի ՍԴ նոր նախագահը, և ըստ էության 2 տարի անց մենք ՍԴ նոր նախագահ կունենանք:
Էդգար Ղազարյանին հարցրեցինք նաև, թե այս պահին ինքն ի՞նչ զբաղվածություն ունի:
«Ես դասավանդում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ), նաև որոշակի ծանրաբեռնվածություն ունեմ Պետական կառավարման ակադեմիայում և կարող եմ որոշակի գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվել: Կարևորը՝ երկրում խաղաղություն լինի: Ինձ ամենաշատը հիմա դա է հետաքրքրում»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը: