«Մեր կախվածությունը ռուսական գազից մեծապես ավելանում է. ստիպված ենք ավելի մեծ քանակի գազ ներմուծել, որպեսզի ջերմակայաններն աշխատեն». Արմեն Մանվելյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ատոմակայանը 2021 թվականին աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ սովորական 45 օրվա փոխարեն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կորուստները նվազեցնելու շնորհիվ այս տարի ունի մոտ 4-5 միլիարդ դրամի խնայողություն, ունենք նաև ծախսերի խնայողություն, սակայն, միևնույն ժամանակ, սրան զուգահեռ՝ նախատեսվում է, որ ատոմակայանը 2021 թվականին աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ սովորական 45 օրվա փոխարեն, և, բնականաբար, այդ կանգառի օրերին չարտադրված էներգիան պետք է փոխարինվի ՋէԿ-երում արտադրվածով, հետևաբար, այս իմաստով՝ ունենալու ենք շատ բարդ տարի։
«Բացի այդ՝ ռազմական դրությամբ պայմանավորված՝ այս համակարգում իրականացնում ենք լրացուցիչ ծախսեր՝ հուսալիության համար, և զուգահեռ աշխատում են կայաններ, որոնք սովորական պայմաններում չպետք է աշխատեին, իսկ դա բերում է ծախսերի»։
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն անդրադարձավ 140 օր ատոմակայանը կանգնեցնելու և դրա հետևանքներին առնչվող հարցերին։
«Ինքս չգտա այն բացատրությունը, թե ինչու են ատոմակայանն այդքան երկար ժամանակով կանգնեցնում։ Հիմնական մտահոգությունն այն է, որ դեֆիցիտը, որն առաջանալու է դրա հետևանքով, պետք է լրացվի ՋԷԿ-երի՝ ջերմակայանների միջոցով, իսկ ջերմակայանների էլեկտրաէներգիան բավականին թանկ է, ամենաթանկն է, շատ ավելի թանկ, քան հիդրոկայաններինը, առավել ևս՝ ատոմակայանինը։ Հետևաբար՝ սա նշանակում է, որ պետական բյուջեի վրա բավականին լուրջ ծախսեր են ընկնելու, այստեղ դոտացիայի խնդիր է առաջանալու։ Էլեկտրաէներգիայի ներկա գները, որոնք մենք վճարում ենք, այդ ծախսերը չի փակում։ Դրա համար այստեղ խնդիրներ են առաջանում, և, որ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կտրուկ ավելանում է։ Մեր կախվածությունը ռուսական գազից մեծապես ավելանում է, քանի որ ստիպված ենք ավելի մեծ քանակի գազ ներմուծել, որպեսզի ջերմակայաններն աշխատեն։ Պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր են ընկնելու, քանի որ բյուջեից ստիպված են լրացուցիչ ծախսեր անել գնային տարբերությունը փակելու համար, քանի որ այս պահին չեմ կարծում, որ կգնան էլեկտրաէներգիայի գների բարձրացման։ Մեր հիմնական մտահոգություններն այս ուղղություններն են»,- նշեց Արմեն Մանվելյանը։
Ինչ վերաբերում է ատոմակայանը 140 օր փակելուն, Արմեն Մանվելյանը նկատեց՝ կարող է միայն ենթադրություն անել՝ շատ հնարավոր է, որ այդ ամենը պայմանավորված է նրանով, որ հրաժարվեցին ռուսական վարկից՝ ատոմակայանի վերակառուցման համար։
«Շատ հնարավոր է՝ պատճառներից մեկը սա է, որովհետև այդ վարկը նախատեսում էր շինարարական բավականին մեծ ծավալի աշխատանքներ, որը պետք է փակվեր այդ վարկով»,- շեշտեց մասնագետը։
Անդրադառնալով հանրության շրջանում երեկվանից տարածված այն մտահոգություններին, որ, եթե ատոմակայանը երկար ժամանակով կանգնելու է, նշանակում է՝ պատերազմի այս շրջանում կրկին մարդիկ օրերով լույս չեն ունենալու, ինչպես 90-ականներին էր, Արմեն Մանվելյանն ասաց՝ հուսով է, որ նման իրավիճակ չի ստեղծվի, քանի որ Հայաստանը որոշակի դասեր քաղել է 90-ականների սխալներից։
«90-ականներին, այսպես ասած, «մութ ու ցուրտ» տարիները ոչ թե էլեկտրաէներգիայի բացակայության հետևանք էր, այլ հետևանք էր էներգետիկ համակարգում դիլետանտ կառավարման։ Հիմա հույս ունեմ, որ նման բան չի լինի, բացի այդ, մեր ռուսական գազին այլընտրանք ունենք իրանական գազ և ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներում կարող ենք որոշ ժամանակ այդ գազն օգտագործել։ Դրանից զատ, մենք ունենք կառուցված գազի ապաստարան, որտեղ մոտավորապես 2 ամսվա գազ ունենք կուտակված, այն ճգնաժամի պայմաններում կարող ենք օգտագործել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ իրավիճակի հետ կապված՝ կա՞ որևէ լուծում, Արմեն Մանվելյանը պատասխանեց, որ լուծում չկա. «Այսպես ասեմ՝ ատոմային էներգիան շատ կարևոր տարր է մեր էներգետիկ անվտանգության, և դրան այլընտրանք չկա, պետք է զարգացնել ատոմային էներգետիկան և ավարտին հասցնել ատոմակայանի ռեակտորի վերանորոգումը, նաև մտածել հետագայում նոր ռեակտորի կառուցման մասին։
Ի դեպ, կարծիքներ եմ լսում, որ ատոմակայանը կանգնեցնում են հնարավոր հարձակման դեպքում այն վտանգներից ապահովագրելու համար, բայց ասեմ, որ դա այդպես չէ, քանի որ անկախ նրանից՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, հարվածի դեպքում նույն վտանգ է ներկայացնում»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։