Ատոմակայանն աննախադեպ շատ՝ 140 օր կկանգնի․ Գարեգին Բաղրամյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կորուստները նվազեցնելու շնորհիվ այս տարի ունի մոտ 4-5 միլիարդ դրամի խնայողություն, ունենք նաև ծախսերի խնայողություն, սակայն, միևնույն ժամանակ, սրան զուգահեռ՝ նախատեսվում է, որ ատոմակայանը 2021 թվականին աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ սովորական 45 օրվա փոխարեն, և, բնականաբար, այդ կանգառի օրերին չարտադրված էներգիան պետք է փոխարինվի ՋէԿ-երում արտադրվածով, հետևաբար, այս իմաստով՝ ունենալու ենք շատ բարդ տարի։
Այս մասին այսօր Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Բացի այդ՝ ռազմական դրությամբ պայմանավորված՝ այս համակարգում իրականացնում ենք լրացուցիչ ծախսեր՝ հուսալիության համար, և զուգահեռ աշխատում են կայաններ, որոնք սովորական պայմաններում չպետք է աշխատեին, իսկ դա բերում է ծախսերի»,- ասաց Բաղրամյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք այս տարի հնարավոր է՝ ունենանք հոսանքի սակագնի փոփոխություն։