«Որո՞նք են այդ չափորոշիչները, այն «բանալի» բառերը, որոնք պետք է արգելված լինեն». Արամ Վարդևանյան

Լրատվամիջոցները շարունակում են նոն-ստոպ ռեժիմով ոստիկանությունից ծանուցումներ ստանալ՝ իշխանությունների քիմքին ոչ հաճո այս կամ այն նյութը հեռացնելու պահանջով՝ դրան հաջորդող տուգանքների՝ իրենց համար ընդունելի փաթեթային լուծմամբ:

Մասնավորապես, հոկտեմբերի 31-ին «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հերթական 8 «աչքալուսանքն» էր ստացել ոստիկանական ծանուցումների տեսքով: Միայն թե այս անգամ ավելի «կրեատիվ» էին գտնվել, ու ծանուցումները խմբագրություն բերելու փոխարեն, ինչպես անում էին նախորդ անգամներին, տարել էին խմբագրի բնակարան: Այս պահի դրությամբ՝ թվով 12 ծանուցումներ։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Yerevan.today կայքի խմբագրությունը ստացել է թվով 11-րդ ծանուցումը ոստիկանությունից։

Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է ՀՀ նախագահին և խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններին՝ «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին»՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում ստուգելու խնդրով:

Ըստ այդ որոշման՝ ոստիկանությանը տրվել է, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ տալու լայն լիազորություն, ու հրապարակումը մամուլի էջերից (եթերից, կայքերից) անհապաղ հեռացնելու պահանջ ներկայացնելու, գույքն անմիջապես առգրավելու իրավասություն՝ առանց սահմանելու, թե ներգործության տվյալ միջոցները ո՞ր իրավահարաբերության շրջանակներում պետք է իրականացվեն, և դրանց բողոքարկման ի՞նչ ընթացակարգեր են գործելու։

Ավելի վաղ ՀԺՄ նախագահը նույն խնդրով դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ կրկին խնդրելով վերջինիս դիրքորոշումը վերոնշյալ լրացման մասին։ Մասնավորապես, թե արդյոք օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը և չի՞ վտանգում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված ազատորեն արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության:

Խնդրի շուրջ 168.am-ը զրուցեց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:

«Բոլորի համար հասկանալի է, որ ռազմական դրության պայմաններում մի շարք իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության իրավունքի սահմանափակումն իրավաչափ գործողություն է, սակայն միևնույն ժամանակ՝ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, որը ոչ միայն մեր Սահմանադրությամբ երաշխավորված սկզբունք է, այլ նաև Եվրոպայի խորհրդի (ԵԽ)՝ թե Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, թե առհասարակ նաև ԵԽ կանոնադրությամբ ընդհանուր առմամբ: Հետևաբար՝ սա իսկապես կարևորագույն սկզբունք է, որին պետք է համապատասխանի ցանկացած իրավունքի սահմանափակում, որը տվյալ դեպքում չի ապահովվել»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ըստ նրա՝ չի կարող ողջամիտ լինել զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) վրա նման տեսակի վարչական ակտերի, տուգանքի չափերն առհասարակ:

«Եթե մենք խոսում ենք զրպարտության, վիրավորանքի դեպքերում առավելագույն շեմի մասին, որն էլ, ի դեպ, ևս, ի կատարումն Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման էր տեղի ունեցել 2011թ․, և որի հիմքը կրկին հանդիսանում էր համաչափության սկզբունքը և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) լավագույն պրակտիկան, ԶԼՄ-ների վրա ներգործությունը դատական ակտերով սահմանափակված է»,- նկատեց սահմանադրագետը:

Այս դեպքում, ըստ մեր զրուցակցի, ունենք որակապես հակառակ պատկերը, որն ունի նաև հենց «սառեցնող, լռեցնող էֆեկտի» վտանգը, ինչպես ձևակերպել է ՄԻԵԴ-ը: Սա այն է, որ ԶԼՄ-ներն առհասարակ կարող են չիրականացնել իրենց գործունեությունը՝ ելնելով նման տեսակի ծանր տուգանքներից, որոնք նախատեսված են:

«Երկրորդ խնդիրը, որը ևս չափազանց կարևոր եմ համարում, կոնկրետության բացակայությունն է: Ինչպե՞ս կարող են ԶԼՄ-ները պարզել, թե արդյոք իրենց կողմից հրապարակված նյութն իրենից պե՞տք է ենթադրի ռազմական դրության վերաբերյալ կառավարության որոշման 9.1, 9.2 կետերի խախտում, թե՞ ոչ: Որո՞նք են այդ չափորոշիչները, այն «բանալի» բառերը, որոնք պետք է արգելված լինեն, կամ որոնք թույլատրելի են: Նման անորոշության պայմաններում ունենում ենք այն պատկերը, որ վարչական վարույթ իրականացնող մարմինը, ի դեմս ոստիկանության, առանց կոնկրետացնելու, թե հոդվածի կոնկրետ ո՞ր հատվածը, ո՞ր բառն է իրենից ենթադրել համապատասխան նորմի խախտում, պարզապես տուգանքն են նշանակում»,- նկատեց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այդ կոնկրետությունը չկա թե՛ ԶԼՄ-ների, թե՛ ոստիկանության համար:

Փաստաբանի խոսքով՝ ունենք այնպիսի վարչական վարույթներ, որոնք ոչ մի հիմնավորում չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ կառավարության նշված կետերը՝ 9.1, 9.2, ևս անորոշ են:

Դիտարկմանը, որ ԶԼՄ-ներին ոստիկանությունը չի տրամադրում այն լրատվամիջոցների ցանկը, որոնք տուգանվել են՝ վկայակոչելով «լրատվամիջոցի անձնական կյանքի իրավունքի» նորմը, ինչն էլ հնարավորություն չի տալիս վստահություն ունենալ, որ կամայական որոշումներ չեն կայացվել, Արամ Վարդևանյանն ասաց, որ ըստ էության վարչական վարույթն իրենից ևս ենթադրում է որոշակի գաղտնիության ռեժիմ, և այս մասով ինքնին առարկություն չունի ոստիկանության դիրքորոշմանը:

«Բայց միևնույն ժամանակ՝ ԶԼՄ-ն կարող է ունենալ այն օբյեկտիվ մտահոգությունը, որ այստեղ կարող է լինել տարբերակված մոտեցում՝ կրկին վերադառնալով որոշակիության խնդրին: Երբ չկա որոշակիություն, մեխանիկորեն բարձրանում է տարբերակված մոտեցման, կամայական վարչարարության ռիսկը, որն այս դեպքում, բնականաբար, առկա է»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Խոսելով այն մասին, որ ՀԺՄ նախագահը դիմել է ՀՀ նախագահին, խորհրդարանական երկու խմբակցություններին, իսկ դրանից ավելի վաղ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ)՝ նշված որոշման սահմանադրականությունը ստուգելու համար, փաստաբանին հարցրինք, թե արդյո՞ք խնդիրը լուծելու այլ ճանապարհ կա:

«Այս ճանապարհը, ըստ էության, ամենաարդյունավետ ճանապարհն է, որը որդեգրվել է: Ես գտնում եմ, որ այս փուլում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը բացառիկ է՝ դրա ամենահնարավոր դրական իմաստով՝ թե ընդհանուր Արցախյան պատերազմի կոպտագույն իրավունքների խախտումների, միջազգային մարդասիրական նորմերի խախտումների վերաբերյալ կոնկրետ թիրախավորված լուսաբանման, թե նաև սոցիալական բնույթի այն խնդիրների լուծման բացառիկ հետևողականությամբ ու արձագանքներով, որոնք առաջանում են այս ընթացքում: Սա ևս, իհարկե, այնպիսի հարց է, որը կարող է գտնվել ՄԻՊ իրավասության տիրույթում, և կարծում եմ, որ նույնիսկ անաչառ դիտորդի համար հասկանալի է, որ նշված կարգավորումները ռիսկեր պարունակում են»,- ասաց սահմանադրագետը:

Նա նշեց նաև, որ ՍԴ դիմող, այսպես կոչված, վերացական սահմանադրական սուբյեկտների շարքում կան ՀՀ նախագահը և պատգամավորների 1/5-ը, հետևաբար՝ այդ առումով ՀԺՄ նախագահի դիմումի տրամաբանությունն ամբողջությամբ հասկանալի և տեղին է, բայց նաև համապատասխան մարմիններն ունեն հայեցողություն՝ օգտվե՞լ դրանից, թե՞ ոչ:

«Որպես հավելյալ տարբերակ՝ կարող է լինել նաև այն, որ Վարչական դատարան բողոքարկելու դեպքում Դատարանին կոնկրետ կարելի է դիմել ու պահանջել կասեցնել վարույթն ու ուղարկել այն ՍԴ քննության, բայց դա, իհարկե, ավելի երկարատև պրոցես է: Ես ուզում եմ, որ մի բան շատ հասկանալի լինի: Բնական է, որ ռազմական դրության պայմաններում լինում են սահմանափակումներ, և դրա դեմ որևէ մեկն առարկություններ չունի, բայց հստակ է նաև, որ ժողովրդավարության սկզբունքը պահանջում է, որ սահմանափակումները լինեն համաչափ և որոշակի»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս