2020-ին ունեցել ենք կապիտալ ծախսերի չափազանց ցածր կատարողական, հիմա այս 215 միլիարդ դրամն ինչպե՞ս ենք կատարելու․ Արկադի Խաչատրյանը՝ Ատոմ Ջանջուղազյանին
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց 2021 թվականի բյուջեի նախագիծը՝ նշելով, որ նախագծով 2021 թվականի կապիտալ ծախսերի համար նախատեսված է 215 միլիարդ դրամ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախարարից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ենք հասնելու այս ցուցանիշի կատարմանը, երբ 2020 թվականի պետբյուջով նախատեսված 287 միլիարդ դրամի կապիտալ ծախսերից սեպտեմբերի տվյալներով կատարվել էր ընդամենը 102 միլիարդ դրամը, իսկ դա չափազանց ցածր կատարողական է։
Ֆինանսների նախարարը պատգամավորի հարցին ի պատասխան՝ նշեց, որ կապիտալ ծախսերը տնտեսական աճի ներուժի մեծացման բանալին են, սակայն մասշտաբային առաջարկների, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր տնտեսվարողները պատրաստ չեն, նրանք պատրաստ չեն այս մասշտաբի առաջարկներ կլանել, ինչը հանդիսացել է ընթացիկ տարվա կապիտալ ծախսերի թերակատարման պատճառներից մեկը։