
Վարկառուներին կցուցաբերվի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ. ՀԲՄ

Անդրադառնալով մեր համաքաղաքացիների և բանկերի հաճախորդների կողմից բարձրացված հարցադրումներին՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ներկայացնել հաճախորդների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ:
ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, Հայաստանի բանկերի միության (ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի) կայացրած որոշման համաձայն՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
Ողջունելի է, որ նաև ՀՀ առևտրային բանկերի առաջարկով ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բանկերին առանց հարկային հետևանքներ կրելու վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել լայնածավալ և ընդգրկուն:
Հավաստիացնում ենք, որ բանկերը առաջնորդվելով ստեղծված պայմանների հաղթահարման մարդակենտրոն մոտեցմամբ և նպատակ ունենալով հնարավորությունների առավելագույն չափով աջակցել մեր հայրենակիցներին՝ ռազմական դրության ավարտից հետո կդիտարկեն օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը: Այս նպատակով յուրաքանչյուր բանկ, հիմք ընդունելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ:
Ռազմական դրության ժամանակահատվածում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառված տույժ-տուգանքների կամ վարկերի դասակարգումների դեպքերի մասով ևս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում, կտրվեն համարժեք լուծումներ:
Վերոնշյալ գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել բանկերի հայտարարություններին կամ դիմել սպասարկող բանկ:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն