«Բավական հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հնարավոր չի համարում հակամարտության գոտում լիարժեք հրադադարի հաստատումը, քանի դեռ չկան միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմներ:

«Ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որի վերաբերյալ, ի դեպ, մեր զինված ուժերը սեղմ ժամկետում հարցադրումներ ու առաջարկներ են մշակում, լիարժեք հրադադար լինել չի կարող»,- ճեպազրույցի ժամանակ նշեց նա` հավելելով, որ  պետք են կոնկրետ մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել հրադադարը, բացահայտել խախտողին, ինչու չէ նաև` ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։

Հովհաննիսյանը նշեց՝ այս մեկ ամսվա ընթացքում կարծես թե բոլորի ուշադրությունից դուրս է մնացել այն հանգամանքը, թե ինչպես սկսվեց պատերազմը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ ներկա պահին  ուսումնասիրվում են Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերն ու հետևանքները, դրանք ամբողջացնելու պարագայում կներկայացնեն համապատասխան տվյալներ:

«Բայց կուզենայի նորից փաստել, որ այսօր առավոտյան Ստեփանակերտի, իսկ օրվա ընթացքում Մարտունիի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար:

Ես ուզում եմ հիմա ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: Ես երեկ էլ նշեցի, որ Արցախի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող հաճախ հին, խորհրդային արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում, և խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական, լեգիտիմ  օբյեկտներին խոցելու ժամանակ այդ շեղման պատճառով կարող է տուժել նաև խաղաղ բնակչությունը: Այս առիթով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն կատարեց, և Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել հատուկ գործողություններ:

Այսինքն, Արցախը որևէ նպատակ չունի խաղաղ բնակիչներին որևէ վնաս պատճառելու: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը կիրառելով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են ունենալ 1-2 մետրի շեղում, քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորում՝ Ստեփանակերտի ծննդատուն, հոսպիտալներ, Շուշիի եկեղեցի»,-մանրամասնեց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև վարձկան ահաբեկիչների վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցներին:

«Թե այս ձերբակալված ահաբեկչի, թե այլ ահաբեկիչների առկայության,  որպես «ռասխոդնի մատերիալ» նրանց օգտագործման, մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել Ադրբեջան հասել, այդ ամենի առնչությամբ բավական հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին»,- վստահեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս