ԱՄՆ նախագահի խորհրդականը վերահաստատել է` արտաքին ուժերը դեր չպետք է ունենան ԼՂ հակամարտությունում
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը վերահաստատել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ արտաքին ուժերը դեր չպետք է ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին Օ’Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
«Արտաքին ուժերը որևէ դերակատարություն չպետք է ունենան այս հակամարտությունում: Նախագահ Թրամփի համար միանշանակ է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների»,- ասել է Օ’Բրայենը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիայով, հատկապես քաղաքացիական անձանց թիրախավորումներով:
«ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղություն հաստատելուն ուղղված իր հանձնառությունները շարունակելուն»,- նշել է նա: