«Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը. դիրքային որևէ փոփոխություն չկա». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով: Մասնավորապես, հյուսիսային ուղղությամբ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, բայց հետ են շպրտվել` դաշտում թողնելով զգալի թվով դիակներ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս: Մի քանի բարձունքների ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են և հստակ որևէ բան այս ուղղությամբ այս պահին նշել չեմ կարող: Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ: Առաջին` Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, և հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի միջոցով և հրետանու խիտ կրակի ներքո, մեր զինված ուժերը չեն ընկրկել, բայց որևէ դիրքային փոփոխություն այս ուղղությամբ այս պահին չկա: Մարտերը համառ են»,- նշեց նա` հավելելով, որ Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, սակայն մարտերը շարունակվում են: Միաժամանակ լրացվեց, որ, ընդհանուր առմամբ, պատերազմն իր սաստկությունը մի փոքր կորցրել է:

Տեսանյութեր

Լրահոս