ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Եգիպտոսի հետ լիարժեք ավիահաղորդակցությունը վերսկսելու անհրաժեշտությունը
Եգիպտոսի հետ լիաֆորմատ ավիահաղորդակցության վերսկսումը մոտ ժամանակների գործ է, բայց կոնկրետ ժամկետներ նշելը դժվար է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Օլեգ Սիրոմոլոտովը:
«2018 թվականի ապրիլից Ռուսաստանի եւ Կահիրեի միջեւ իրականացվում են կանոնավոր չվերթներ… Միեւնույն ժամանակ աշխատում ենք եգիպտական Շարմ-Էշ-Շեյխ եւ Խուրգադու առողջարանային քաղաքներ չարտերային չվերթները վերսկսելու վրա: Մեզ համար գլխավոր գերակայությունն այս հարցի լուծումն է՝ ռուսաստանցի քաղաքացիների անվտանգության ապահովումը»,-ասել է նա:
Սիրոմոլոտովը հիշեցրել է, որ «Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության կասեցման պատճառը դարձել է 2015 թվականի հոկտեմբերին Սինայի երկնքում ռուսաստանյան ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունը»:
«Չնայած այն բանին, որ դրա հետաքննությունը ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եգիպտոսում դեռ չի ավարտվել, Ռուսաստանի իրազեկ մարմինների կողմից պարզվել է, որ տեղ ուներ ահաբեկչությունը»,-հավելել է ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը:
«Հաշվի առնելով դա` եգիպտոսցի գործընկերների հետ ստեղծվել է փոխգործակցություն՝ ի շահ Շարմ-Էշ-Շեյխի եւ Խուրգադուի օդանավակայաններում անվտանգության:
Կատարվել է զգալի համատեղ աշխատանք»,-ասել է նա: Սիրոմոլոտովն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակը թույլ չի տվել այն մինչեւ վերջ հասցնել եւ, համապատասխանաբար, գործնական առումով իրականացնել ավիահաղորդակցության վերսկսման գործընթացը»:
«Այնուամենայնիվ, վստահ ենք, որ դա մոտ ժամանակների գործ է, թեեւ այսօր էլ դժվար է նշել կոնկրետ ժամկետները»,-ասելէ նա: Սիրոմոլոտովը պարզաբանել է, որ «հարցը լուրջ է եւ ունի մի շարք տեխնիկական ասպեկտներ»: «Դրա հետ մեկտեղ ելնում ենք այն բանից, որ Եգիպտոսի կողմից ավիավթարի պատճառի հետաքննությունն ավարտելը, ներառյալ այդ հանցագործության կատարման մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, անպայմանորեն, կնպաստեր ապագայում այդպիսի ողբերգությունների կանխման ջանքերին»,-եզրափակել է նա: