Հնդկաստանը միջազգային թռիչքների արգելքը երկարացրել է մինչև նոյեմբերի վերջը
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը միջազգային առեւտրային ավիաչվերթների վերսկսման արգելքը երկարացրել է մինչեւ նոյեմբերի վերջը:
«Իրավասու մարմինը շրջաբերականի գործողության ժամկետը, որը վերաբերում է Հնդկաստան եւ հակառակ ուղղությամբ կանոնավոր միջազգային առեւտրային ուղեւորափոխադրումներին, երկարացրել է մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը»,-ասվում է ծանուցման մեջ:
Նշվում է, որ այդ սահմանափակումները չեն վերաբերում միջազգային բեռնափոխադրումներին, ինչպես նաեւ այն չվերթներին, որոնք հատուկ թույլտվություն են ստացել: Կանոնավոր միջազգային մարդատար ավիահաղորդակցությունը Հնդկաստանում դադարեցվել էր մարտի 23-ից:
Սակայն մայիսից հնդկական ավիաընկերություններին թույլատրվել է «Վանդե Բհարաթ» առաքելության շրջանակներում հատուկ միջազգային չվերթներ կատարել այն հնդիկների եւ այլ երկրների քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար, որոնց վերադարձը հնարավոր չէր եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները երկրում կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման ֆոնին թույլատրել էին բոլոր կատեգորիաների ուղեւորների մուտքը, բացառությամբ զբոսաշրջիկների:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հիվանդացածների ընդհանուր թիվը գերազանցել է 7,99 միլիոնը: Դրա հետ մեկտեղ հիվանդությունը հաղթահարել է 7,25 միլիոն մարդ, բուժում էստանում ավելի քան 610 հազար մարդ, եւ այդ թիվը շարունակում է նվազել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: