Բոլորս ապշած ենք, 18-20 տարեկան երիտասադներն այս ինչպիսի՞ հայրենասիրական ոգի ունեն․ Կոնստանտին Պետրոսյան

ԱՄՆ-ում գտնվող հայերը շարունակում են բարձրացնել Արցախի ճանաչման, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու, Թուրքիայի օժանդակության, վարձկանների ներգրավման հարցերը։

«Նահանգապետարանի առջև բողոքի ակցիաներ ենք անում, և ուրախ ենք, որ կոնգրեսմեն Դեյվիդ Սալոնեն զորավոր ձևով աջակցում է՝ Կոնգրեսում բարձրացնելով Արցախի անկախության ճանաչման հարցը։ Մեր ձայնը կարծես թե տեղ է հասնում։ Վերջերս Նյու Յորքում, Վաշինգտոնում և մյուս քաղաքներում բազմամարդ բողոքի ակցիաներ եղան, այնպես որ, վստահ ենք, հաղթելու ենք՝ բոլոր ճակատներում։ Ամեն կիրակի բոլոր հայերը նաև եկեղեցի են գնում անպայման։ Ես նաև նոր գործ եմ գրել՝ նվիրված մեր ազատամարտիկներին։ Բառերի հեղինակը Արշավիր Թորոսյանն է։ Կարծում եմ՝ երկու օրից արդեն ձայնագրությունը պատրաստ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 1997 թվականից ԱՄՆ հյուսիսարևելյան մասում գտնվող Ռոդ Այլենդ նահանգում Հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը։

Կոմպոզիտորն ընդգծեց՝ ինչպես Հայաստանում են հայերը մեկ բռունցք, այնպես էլ՝ Սփյուռքում, իսկ համախմբումը շատ կարևոր է։

Ինչ վերաբերում է մեր քաջ զինվորներին, որոնց սխրագործությունները հաջորդում են մեկը մյուսին՝ Կոնստանտին Պետրոսյանը նկատեց․«Բոլորս ապշած ենք, 18-20 տարեկան երիտասարդներն այս ինչպիսի՞ հայրենասիրական ոգի ունեն։ Ծանոթներիցս մեկը, ով Երևան է եկել ու նյութապես, ֆիզիկապես օժանդակում է բանակին, պատմում է, թե ինչպիսի համառությամբ են երիտասարդները կռվում։ Երկրների սահմանները փակ են կորոնավիրուսի պատճառով, անգամ Եվրոպա չես կարողանում գնալ, սակայն, եթե այդպես չլիներ, վստահ եմ՝ շատ երիտասարդներ կգային նաև այստեղից։ Չնայած ասում են, որ հարցը դիվանագիտությամբ լուծելու ճանապարհ չկա, բայց կարծում եմ՝ ելք կա, պարզապես պետք է հմտորեն և ճիշտ տանել դիվանագիտությունը։ Ռազմականն ու դիվանագիտականը պետք է համատեղել»։

Տեսանյութեր

Լրահոս