«Սա մեր Մեծ Հայրենական պատերազմն է․ ոչինչ չի կարող որևէ ձևով խաթարել մեր հաղթական ընթացքը». Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով հոկտեմբերի կեսերից Արցախում էր, վերադարձել է Տավուշ՝ կազմակերպչական որոշ հարցեր լուծելու ու կրկին Արցախ վերադառնալու առաքելությամբ։ 168.am-ի հետ զրույցում սրբազանը վստահեցրեց՝ հայ զինվորը, սպան ամուր կանգնած են սահմանին։
«Այսօր կամ վաղը կրկին վերադառնալու եմ Արցախ, որոշակի ապրանքների ենք սպասում, դրանք այստեղ հասնելուց հետո, անշուշտ, վերադառնալու եմ Արցախ։
Սա մեր Մեծ Հայրենական պատերազմն է, և ոչինչ ու ոչ մի բան չի կարող որևէ ձևով խաթարել մեր հաղթական ընթացքը։ Մեր զինվորները, սպայական կազմը, ողջ բանակը, ժողովուրդը հենց այդ մտքով, տրամադրությամբ ու ոգով է ապրում։ Պատերազմի դաշտը կենաց ու մահու դաշտ է, և ամեն մարդ, որքան էլ իր քաջությունն ու խիզախությունն ունենա, այդուհանդերձ մտածում է ոչ միայն քաջության, այլև երբեմն-երբեմն մտքեր են նրան այցելում, որոնք կարող են ինչ-որ կերպով խաթարել այդ քաջությունը։ Փառք Աստծո, մեր տղաները՝ առանց չափազանցության, բոլորը բարձր գիտակցությամբ, մեծ ոգևորվածությամբ ու ոգով են այսօր գտնվում առաջնագծում։ Մեր խորհուրդն ու խնդրանքը զինվորներին այն էր, որ նրանք հնարավորինս կարողանան անվտանգ լինել։ Մենք էինք այդ զինվորներից ոգեշնչվում ու ոգևորվում, մեզ մնում էր միայն նրանց համար աղոթք անել՝ նրանց համար անվտանգություն խնդրել, զորացնել և այդ զորության միջից զորանալ»,- նշեց գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ընդգծեց, որ այս իմաստով այսօր ողջ ժողովուրդը կարիք ունի ներշնչվելու ու զորանալու, և դրա առաջին աղբյուրն առաջին հերթին սահմանում կանգնած տղաներն են, որոնք իրենց կյանքի գնով, ինչը նրանք ամբողջությամբ գիտակցում են, պաշտպանում են հայի արժանապատիվ ապրելը։
Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, սահմանին կանգնած զինվորներից մինչև կամավորագրվածներ՝ մաղթեց, որ նրանք անվտանգ լինեն և անփորձանք ծառայություն ունենան։
«Մաղթում եմ, որ նրանք երբեք չերկնչեն թշնամու առատությունից՝ լինի մարդկային թե զինտեխնիկայի առատություն։ Մաղթում եմ, որ մեր տղաները հաղթանակով, դրոշները ծածանելով՝ վերադառնան տուն։ Այսօր մեր բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, մեր մտածումների, նպատակների ամբողջ առանցքը տղաների հաղթանակով տունդարձն է։ Մշտապես ասել եմ, որ մեր հավատամքով ու հաղթանակով պետք է խաղաղություն պարտադրենք։ Թող Աստված զորացնի մեր զինվորներին, սպայական կազմին, ողջ ժողովրդին, մեր նահատակված տղաների ընտանիքներին, վիրավոր տղաներին շուտափույթ ապաքինում լինի, և այս փորձության ժամին մեր ժողովուրդը կարողանա մեծ պատվով ու արժանապատվությամբ դուրս գալ վերջնական հաղթանակը կնքած՝ ոչ միայն այս ժամանակի, այլև՝ ամբողջ ապագայի համար»,- եզրափակեց սրբազանը։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանին Արցախում ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որից հետո սրբազանն այցելել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի, որը թշնամու կողմից ենթարկվել էր հրետակոծության։