«ԼՂ-ում մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա: Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած զինադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին:
Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Տեղեկությունը փոխանցում է tass.ru-ն:
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա:
«Մարտերը դեռ շարունակվում են, դա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը չի քննարկվել այն հեռախոսազրույցի ընթացքում, որը երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունեցել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
«Այդ հարցն օրակարգում չի ընդգրկվել»,- ասել է Պեսկովը` նշելով, որ միայն հակառակորդ կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ կարգավորման գործընթացին այս կամ այն պետության մասնակցությանը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Պուտինը և Էրդողանը, մասնավորապես, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացման ընթացքը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը Թուրքիայի ղեկավարին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ իր շփումների և հնարավորինս շուտ զինադադարի հասնելու և ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Պատրաստեց 168.am-ը