Ժոզեպ Բարտումեուն հրաժարական է տվել «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնից
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոզեպ Բարտումեուն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Goal.com կայքը: Նշվում է, որ տնօրենների խորհրդի բոլոր անդամները ևս լքում են իրենց պաշտոնները:
Կայքն ընդգծում է, որ Բարտումեուի հրաժարականը տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բարսելոնա»-ի՝ Մյունխենի «Բավարիա»-ից 8-2 հաշվով կրած պարտությունից և թիմի առաջատար Լիոնել Մեսիի՝ ակումբը լքելու ցանկություն հայտնելուց ամիսներ անց:
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Մեսին չհեռացավ, քանի որ չցանկացավ ակումբը դատական գործընթացների մեջ ներքաշել, Բարտումեուի գործողություններն ու քայլերը շարունակում էին մնալ ուշադրության կենտրոնում և ենթարկվել քննադատությունների: