Սուրեն Սարգսյանը՝ Թրամփի հայտարարության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Համփշիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է Հայաստանին:

«Հայաստան։ Գիտե՞ք Հայաստանը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք դա արեցինք Կոսովոյի ու Սերբիայի դեպքում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով՝ կարող էր խաղաղության 3 մրցանակ ստանալ։

Կոսովոյի և Սերբիայի մասին խոսելիս՝ Թրամփը նշել է, որ այն վերաբերում է նաև Հայաստանին. «Մենք ունեցանք Սերբիա-Կոսովո առևտրային գործակցությունը, քանի որ սա վերաբերում է նաև Հայաստանին։ Ես ասացի՝ մի րոպե, այս մարդիկ սպանում են իրար տարիներ, տասնամյակներ շարունակ, և մենք երկու կողմերի հետ էլ հարաբերվում էինք։ Ես իմ ժողովրդին ասացի, որ, եթե նրանք շարունակեն այդպես, մենք կդադարենք հարաբերվել նրանց հետ։ Ու գիտե՞ք ինչ՝ նրանք գրկախառնվեցին, համբուրվեցին և շատ երջանիկ էին։ Ու դա տեղի ունեցավ այդքան տարվա պայքարից հետո, երբ ոչ ոք չէր մտածում, որ նրանք կհաշտվեն»:

Անդրադառնալով Հայաստանին՝ Թրամփը նշել է. «Հայերը հիանալի մարդիկ են, նրանք արիաբար պայքարում են, ու մենք ինչ-որ բան կանենք։ Երեկ Օհայոյում էինք, ու հայերի մի մեծ խումբ էր հավաքվել դրոշով, բարձրացնում էին խնդիրները, որ նրանք ունեն՝ մահերը, պայքարը, և այլ, մենք կլուծենք դրանք։ Ես համարում եմ դրանք հեշտ լուծվող խնդիրներ, գնացեք և ասեք ձեր ժողովրդին, որ մենք կլուծենք այդ խնդիրը»:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագայի հայտարարությունը՝ ասաց. «Վերջերս Կոսովոյի և Սերբիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա վերաբերում է առևտրային համագործակցությանը: Երբ Թրամփը հղում էր անում Կոսովոյին, չեմ կարծում, որ նկատի ունե՝ր որպես միջազգային իրավունքի նախադեպ Կոսովոյի գործը, և այս առումով դրան հղում անելն այդքան էլ կոռեկտ չի լինի: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ սա հնարավոր է օգտագործել քաղաքական, դիվանագիտական նպատակներով մեզ համար, և այս առումով մեր դիվանագետներն անելիք ունեն»:

Ըստ Սարգսյանի՝ ելույթի ժամանակ Թրամփը գիտեր, որ այդ ժամերին տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարի և անվտանգության հարցերով իր խորհրդականի նախաձեռնած բանակցային սեղանի շուրջ նստեցնելու պրոցեսը երկու կողմերին.

«Եվ, ըստ էության, մինչ այդ էլ Ադրբեջանի վրա ճնշումներ կային, մանավանդ, որ անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, կարծում եմ՝ այս ամենը պետք է դիտարկել մեկ տրամաբանության ներքո»:

Ինչ վերաբերում է արդեն երրորդ անգամ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուն, Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Սա արդեն երրորդ ապտակն է, որ Ադրբեջանը հասցնում է Մինսկի խմբի համանախագահ պետություններին և նրանց առաջնորդների հեղինակությանը, վստահ եմ՝ հետևություններ գերտերություններն անելու են»:

Տեսանյութեր

Լրահոս