Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով:
Հիշեցնենք՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Արցախից երկու օր առաջ էին տեղափոխել Երևան՝ բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք։
«Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական փորձ, հակված է եղել բացառապես հարձակողական մարտերի և ազատագրելով առաջ գնալուն, դեմ դիրքային մարտերին՝ հաշվի առնելով թշնամու և նրա զինտեխնիկայի մեծաքանակ լինելը:
Ցավոք, ծանր հիվանդությունները և հիվանդությունների բացասական դինամիկան, որոք առողջապահության նախարարի և դատարանի անգործության շնորհիվ այդպես էլ հնարավոր չեղավ արտերկրում բուժել, այս ընթացքում ավելացրեցին ուղեկցող հիվանդությունները՝ բերելով ինքնազգացողության կտրուկ վատացման: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակավորապես հանձնելով այլ անձանց, բժիշկների պահանջով ռեանիմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք»,– ավելի վաղ ասել էր Լ. Բաղդասարյանը։