«Չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ և կա պարտություն». Փաշինյանը հորդորում է բոլորին զենք վերցնել ու կռվել

«Ստեղծված վիճակի և մեր անելիքների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ դիվանագիտական լուծում չունենալու, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա ասաց,  թե այս փաստերն ակնհայտ են դարձնում, որ մեր անելիքը պետք է լինի զենք վերցնելը:

«Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար, մեր ժողովրդի իրավունքների համար, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:  Այսօր Ադրբեջանի վերը հիշատակված դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար՝ նշանակում է՝  առաջին հերթին՝ զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին:

Եվ այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու և շարունակական, ըստ անհրաժեշտության, էնքան, ինչքան հարկավոր է, կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիային, համաձայն չէ:  Իսկ դուք դա հասկանում եք, թե ինչ է նշանակում: Եվ հետևաբար, մեր ժողովրդի, ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ, ես դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկեմ, որովհետև դեռ 90-ականների մեր ազատամարտի հերոսները և մեր ամբողջ կոնտեքստը էնպիսին է, որ մենք Ղարաբաղի մասին խոսելով՝ խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին, որովհետև մենք ասել ենք, դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի՝ չկա Հայաստան: Եվ հետևաբար՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը՝ նշանակում է՝ պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես էստեղ տարանջատում չեմ դնում: Չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ և կա պարտություն»,- ասաց վարչապետը:

 

Տեսանյութեր

Լրահոս