«Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած, մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի». Նիկոլ Փաշինյան

«Ես գիտեմ, որ բոլորդ սպասում եք լուրերի և գնահատականների և իրավիճակի վերլուծության, և ես ուզում եմ հիմա խոսել այն իրավիճակի մասին, որում մենք       գտնվում ենք այսօր, ՀՀ-ն, հայ ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, և խոսել նաև լուծումների մասին»,- այսպես սկսեց ֆեյսբուքյան իր ուղիղ միացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախևառաջ վարչապետն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին ու, գուցե շատերի համար զարմանալիորեն, հայտարարեց, որ այսօր այդ հարցը դիվանագիտական լուծում չունի:

«Նախ ուզում եմ արձանագրել, որ ըստ էության պետք է մենք հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած, մինչև բավականին երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, ըստ էության: Եվ բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելևս՝ այս իրավիճակում, ըստ էության, պետք է համարել ավարտված: Ինչո՞ւ:

Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Ի՞նչ ա նշանակում՝ փոխզիջում: Փոխզիջում նշանակում ա, որ քո նշաձողից, քո դրած նշաձողից, մեր ազգային նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, և դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն՝ նրանց ողջ դիվանագիտական ռազմավարությունը և մարտավարությունը եղել է և շարունակում է մնալ դա:

Այն, ինչի հետ մենք բանակցությունների, ամենատարբեր գործոնների բերումով համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Եվ սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է՝ առնվազն այս փուլում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով հետագայում ասել, թե որ փուլում  հնարավոր կլինի խոսել հարցի դիվանագիտական լուծման մասին:

Տեսանյութեր

Լրահոս