«Փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս խնդրից, այս իրավիճակից լուծում գտնելու համար». վարչապետը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ստեղծված իրավիճակի և մեր անելիքների մասին, անդրադարձավ նաև հանրության մեջ այս օրերին առավել շատ քննարկվող հայ-ռուսական հարաբերություններին:
Վարչապետի խոսքով՝ կա մի մոլորություն, որը շատ օգտագործվում և «շատ շրջանառվում է կիսաձայն, ամբողջական, ու դա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն են»:
«Այսօր և այս ողջ ընթացքում ես շաաա՜տ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և փոխգործակցությունը, մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Եվ կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, և մենք հնարավորինս ամենաբարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս խնդրից, այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա՝ իմիջիայլոց և այն փաստի հաշվառումով, որ Ռուսաստանը նաև հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և, միևնույն ժամանակ, հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը: Եվ ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչև օրս արել է առավելագույնը, և համոզված եմ՝ սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում ընդհանրապես չեմ կասկածում»,- ուղիղ միացման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը: