«Ամենածանր մարտերի հատվածները հարավում մերձարաքսյան հովիտներն են, հյուսիսում՝ Մատաղիսի ուղղությունը». Արծրուն Հովհաննիսյան
Առանձին ուղղություններում եթե մեր զորքերը նահանջում են, աջ ու ձախ են քաշվում, վերախմբավորում են անում, չպետք է այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հերթական անգամ շեշտեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր զորքերը հերոսական և շատ ծանր պայքար են մղում, իրոք շատ ծանր: Երբեմն դա չի երևում, բայց մարտերը շատ ծանր են: Մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չի հաղթել, բայց պիտի հաղթենք»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Հադրութում տիրող իրավիճակին, Հովհաննիսյանն ասաց, որ վերջին 2-3 օրերի ընթացքում իրավիճակը նույնն է:
Ըստ նրա, կիզակետ են հարավում մերձարաքսյան հովիտները, հյուսիսում Մատաղիսի ուղղությունը:
«Սրանք, այսպես ասած, ամենածանր մարտերի հատվածներն են»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը: