Արցախի դեմ սկսած պատերազմով Ալիևը ձգտում է պահել իր կլանի երկարակեցությունը. Հայկ Դեմոյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների սանձազերծմամբ փորձում է լուծել իր կլանի երկարակեցության հարցը: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը:

«Ալիևն իր անձի, ընտանիքի և իր կլանի հետագա գոյության հարցն է դնում այս պատերազմում: Այս պատերազմում պարտությունը կարող է թվով երրորդը լինել. առաջինը Ապրիլյանն էր, հետո Տավուշի իրադարձությունները, և այստեղ համեստ արդյունքները Ալիևի համար ցանկալի չեն: Նա ձգտում է ստանալ ամեն ինչ և միանգամից, այդ թվում և Արցախը»,-շեշտեց Դեմոյանը, որը վստահ է՝ Ալիևը լայնամասշտաբ պատերազմ է սկսել համավարակի տարածման պայմաններում, քանի որ աշխարհը զբաղված է, և Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը:

«Հարցն այստեղ հայկական կողմին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելը չէ: Ալիևը վերջին 15 և ավելի տարիների ընթացքում գնել է մեծաքանակ զենքեր: Ասում են՝ եթե հրացանը պատից կախված է, այն մի օր կրակելու է: Նա հատել է այդ սահմանագիծը՝ շատ լավ հասկանալով, որ պատերազմը թանկ հաճույք է»,-նշեց ցեղասպանագետն ու հավելեց, որ այս պահի դրությամբ ադրբեջանական բանակի զբաղեցրած գծերը հետագա ծավալման առումով կարող են խոստումնալից լինել, բայց որպես հաղթանակ արձանագրելը ծիծաղելի կլինի:

Նա նկատեց, որ Ալիևը դեռևս ոչ մի զինվորականի չի պարգևատրել ինչ-որ գործողության համար, ինչը կարող էր քարոզչական մեծ հնարք լինել և ի ցույց դնել ադրբեջանական հասարակությանը, որ բանակը հաջողությունների է հասել: Պատերազմի 20-րդ օրվա դրությամբ ադրբեջանական բանակը որևէ լուրջ տեղաշարժ, առաջընթաց ռազմական տեսանկյունից չունի»,-ասաց Դեմոյանը:

Ցեղասպանագետը հաղթանակի կամ պարտության գործում կարևորեց նաև եղանակային պայմանները՝ հիշեցնելով, որ շուտով անձրևների շրջանն է սկսվում, ինչի արդյունքում ավիացիան չի աշխատի, դրոնները չեն աշխատի, տանկային շարժուն զրահամեքենաները լեռնային պայմաններում հեշտությամբ կթիրախավորվեն, իսկ տեղանքին քաջածանոթ հայկական զինուժը կարող է բավական մեծ ու ծանր կորուստներ պատճառել ադրբեջանական բանակին:

Նա ընդգծեց, որ պատերազմը կարող է կտրուկ և շրջադարձային իրադարձությունների պատճառ դառնալ: Ըստ Դեմոյանի՝ ադրբեջանական բանակի անհաջողության դեպքում ամբողջ մեղքը կբարդվի Ալիևի վրա, կարող է նաև հուժկու ներքին ընդվզում սկսել Ադրբեջանում կրած կորուստների պատճառով, քանի որ Ադրբեջանը գաղտնի է պահում կորուստների իրական թիվը:

Տեսանյութեր

Լրահոս