Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է. Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը:
Մասնավորապես, պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե՝ «կան տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ինչպիսի՞ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը»՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները: Իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը: Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն անգամ խորհրդային իշխանության տարիներին՝ 65 տարի, մեծամասամբ բնակեցված է եղել հայերով: Եթե գնաք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, կտեսնեք շինությունների մնացորդներ, եկեղեցիներ, որոնք գալիս են 3-4-րդ դարերից, երբ Հայաստանը 301 թվականին դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը»:
CBN News-ի լրագրող Ջորջ Թոմասը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության նպատակներով, ողջ տարածաշրջանի համար այս պատերազմի հնարավոր հետևանքներով, ինչպես նաև՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է դիտարկել որպես էթնիկ հակամարտություն՝ Թուրքիայի ներգրավվածությամբ, և արդյո՞ք այն վերածվում է կրոնական պատերազմի հին քրիստոնյա ազգի՝ Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի, Թուրքիայի միջև, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքն է առանց բնիկ ժողովրդի՝ հայերի: «Երբ ցանկանում ես հողը ազատագրել մարդկանցից, դա կոչվում է էթնիկ զտում: Նրանք ցանկանում են հողերն առանց հայերի, առանց այն մարդկանց, ովքեր հին մշակույթ ունեն, այնտեղ են ապրել հազարավոր տարիներ: Սա՝ մեկ պատճառ,-ընդգծել է նախագահը: -Թուրքիայի ներգրավվածությունը չէի անվանի կրոնական պատերազմ: Չնայած Թուրքիան փորձում է իսլամիստ զինվորականների բերել այստեղ, նրանք վարձկաններ են: Սա ինչ-որ առումով տարբեր քաղաքակրթությունների, մոտեցումների, մշակույթների հակամարտություն է: Սա հակամարտություն է, որը պետք է լուծվի դիվանագիտորեն: Այս ուժեղ մարդիկ դիմագրավում են սարսափելի թշնամուն, որը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն, մշակույթ, կրոն և մարդկանց»:
Հարցին՝ թե ինչ հետևանքներ կլինեն, եթե չդադարեցվի Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությանը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Չկանգնեցնելով Թուրքիային՝ կունենանք մեկ այլ Սիրիա, տասն անգամ ավելի մեծ, քանի որ կունենանք խիստ անկայուն Կովկաս, միջազգային խողովակաշարը կվերահսկի Թուրքիան: Եթե Թուրքիան չհեռացվի ընդհանուր պատկերից, շատ դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել խաղաղ կարգավորման և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային սեղան: Հիմա Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Եթե սա շարունակվի, ապա տարածաշրջանի այլ հարևաններ կներգավվեն, և մենք մեկ այլ Սիրիա կունենանք»:
Ներկայացնելով հայկական ու ադրբեջանա-թուրքական ահաբեկչական իսլամիստ խմբավորումների մոտեցումների տարբերությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Առաջին պատերազմից հետո ԼՂ երկրորդ քաղաքը համարվող Շուշիում կային մի քանի հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Հայերն ամբողջությամբ վերականգնեցին տեղի գեղեցիկ Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որից 500 մետր այն կողմ գտնվում էր մզկիթը: ԼՂ կառավարությունը հովանավորների աջակցությամբ վերականգնեց նաև մզկիթը: Այսինքն, հայերն իրենց հայրենիքում վերականգնեցին ինչպես եկեղեցին, այնպես էլ մզկիթը: Նոր պատերազմի սկսվելուց հետո առաջինը, որտեղ ադրբեջանցիները հարվածեցին Շուշիում, եկեղեցին էր: Հարվածելու ժամանակ եկեղեցում երեխաներ էին, տարեցներ, ովքեր հուսով էին, որ այդտեղ ապահով կլինեն: Այդտեղ էին նաև օտարերկրյա լրագրողներ: Սա տալիս է հակամարտության պատկերը»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարավոր տարիներ ապրում են իրենց հողում: «Նրանք հպարտ մարդիկ են, մարտիկներ են, որոնք կպայքարեն մինչև մահ: Նրանք ունեն Հայաստանի աջակցությունը, որովհետև ոչ միայն մենք՝ Հայաստանում ապրողներս, այլև ամբողջ աշխարհի հայերը, չեն կարող թույլ տալ, որ Թուրքիան կրկնի այն, ինչ իրականացրել է 105 տարի առաջ. 1,5 միլիոն հայեր կորցրել են իրենց կյանքը, հարյուր հազարավորները ստիպողաբար տարհանվել են, գնացել են անապատներ և հասել են տարբեր երկրներ՝ Լատինական Ամերիկա, ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Ռուսաստան և շատ արաբական երկրներ,-նշել է նախագահը: -Ցանկանում եմ ընդգծել, որ հայերը ապաստան են ստացել շատ արաբական երկրներում և արաբների կողմից ընդունվել են որպես եղբայրներ: Սա կրոնական պատերազմ չէր այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Էրդողանը կրոնական տարր չէր ավելացրել՝ այնտեղ բերելով իսլամիստ ահաբեկիչների»: