«Սա թուրքական ծրագիր է, որով փորձում են «վախեցնել» հայկական կողմին՝ Նախիջևանում երկրորդ ճակատ բացելու հեռանկարով». Կարեն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե իբրև հայկական կողմը հրթիռ է արձակել Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ։

«Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»,- գրել է ՊՆ խոսնակը։

168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ տեղեկատվությանը՝ նշեց, որ նման կեղծ տեղեկատվությամբ Ադրբեջանը փորձում է  արդարացնել իր կողմից արդեն իսկ կատարված գործողությունները։

«Ոտնձգությունները, որոնք նա կատարել է Հայաստանի սահմանների, բնակավայրերի նկատմամբ, փորձում է այս կերպ արդարացնել նաև դա։ Միևնույն ժամանակ՝ պետք է Ադրբեջանին այստեղից հանենք, քանի որ սա թուրքական ծրագիր է, որով փորձում են «վախեցնել» հայկական կողմին՝ Նախիջևանում երկրորդ ճակատ բացելու հեռանկարով։ Այսինքն՝ սա ևս մարտավարության հնարք է, որով փորձում են այնպես անել, որ հայկական կողմը մտածի, թե երկրորդ ճակատ կբացվի, ինչն էլ, թուրք-ադրբեջանական դաշինքի կարծիքով՝ կարող է թուլացնել հայության ոգին, և այլն։ Կարծում եմ՝ Ադրբեջանը և Թուրքիան շատ լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում՝ Նախիջևանի ուղղություն, և ինչ է նշանակում՝ այնտեղ մարտ։ Այդ ուղղությամբ միանշանակ չի լինելու այն մարտը, որն այժմ ընթանում է  Արցախում։ Այսինքն՝ այստեղ բոլորովին այլ խաղացողներ ու այլ իրավիճակ է լինելու՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետի խոսքով՝ Նախիջևանի ուղղությամբ թշնամու կողմից սադրիչ գործողություններ, որպես այդպիսին, մշտապես լինում են։

Ինչ վերաբերում է այս պահին այդ ուղղությամբ մեծածավալ գործողությունների ծավալման հավանականությանը, Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ քիչ հավանական է համարում նման գործողությունները, բայց միաժամանակ չի բացառում։

«Վերջիվերջո, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ահաբեկչական բանակով հաջողությունների չեն հասնում Արցախում, այսինքն՝ 20 օր տևած պատերազմում նրանք չեն կարողանում լուծել մարտավարական խնդիրներ։ Չի բացառվում, որ նրանք գտնելու են որևէ միջոց՝ արդարացնելու իրենց անհաջողությունը, այսինքն՝ պետք է մի բան անեն, որպեսզի կարողանան դուրս գալ հանրության առաջ»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս