«Սաղ լավ է, դուխներդ չգցեք, կռվում ենք». Արցախում զոհված 19-ամյա Սարմենի վերջին կոչը՝ դասընկերներին
«Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված Սարմեն Այվազյանը նոր էր դարձել 19 տարեկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա դասընկերուհին՝ Աննա Սարգսյանը:
Սարմենն ապրում էր ծնողների հետ, ունի 2 քույր, ինքը երեխաներից մեծն էր: Դասընկերուհին հիշում է, որ դպրոցական տարիքից Սարմենը հայոց պատմություն առարկայի նկատմամբ յուրահատուկ սեր ուներ, դպրոցն ավարտելուց հետո էլ ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետ:
«Սարմենի հետ 12 տարի միասին ենք սովորել: Դպրոցում ինքը շատ աշխույժ էր, տաքարյուն էր՝ լավ իմաստով, երբ ինքն ինչ-որ բան էր ասում, մենք գիտեինք, որ հիմնավորված է ասում: Շատ էր սիրում հայոց պատմությունը: Մի անգամ հայոց պատմության դասաժամին խոսում էինք դաշնակներից, բուռն քննարկում էր գնում, և դեմ կար, և կողմ, ինքը հելավ՝ ես դաշնակ եմ, ինձ ո՞վ կարող է բան ասի, ու ոչ մեկս ոչ մի բան չէինք կարող էլ խոսել, որովհետև, եթե ինքն ասում էր՝ ես դաշնակ եմ, դրա տակ ինչ-որ հիմնավորում ուներ: Անցած տարի ընդունվեց ԵՊՀ, առաջին կուրսի առաջին կիսամյակից զորակոչվեց: Մինչև զորակոչվելն էլ շատ ուրախ էր, ասում էր՝ ես գնալու եմ առաջնագիծ, ես ուրիշ տեղ չեմ գնալու: Դեկտեմբերին զորակոչվեց, Արցախում էր ծառայում…»,- պատմեց Սարմենի դասընկերուհին:
Չնայած, որ Մալիշկան շատ մեծ գյուղ է, Սարմենին բոլորը ճանաչում էին ու բոլորը սգում նրա մահը: Աննան մեզ հետ զրույցում ասաց, որ նախքան զոհվածների ցուցակում Սարմենի անունը հրապարակելը, իրեն այդ մասին ասել էին, սակայն ոչ մեկին չէր ասել, չէր ուզում հավատալ այդ լուրին:
«Ինչքան գիտեմ՝ Սարմենը վերջին անգամ հոկտեմբերի 5-ին է տանեցիներին զանգել, դեպքի մասին առաջինը ես եմ լսել՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, բայց ոչ մեկին չէի ասել, մտածեցի՝ սուտ կլինի, բայց հոկտեմբերի 8-ին զոհվածների ցուցակում Սարմենի անունը կարդացինք: Հոկտեմբերի 1-ին էլ ծնունդն էր՝ 19 ամյակը… Վերջին խոսակցությունը, որ լսել ենք, ձայնագրված ունենք՝ դասղեկիս հետ է եղել, պատահական է ձայնագրվել: Դասարանի տղաներին կոչ էր անում՝ սաղ լավ է, դուխներդ չգցեք, կռվում ենք: Նոր էլ դիրքի ավագի կոչում էր ստացել… Ուրախ ձայնագրություն է»,- պատմեց Սարմենի դասընկերուհի Աննա Սարգսյանը:
Սարմեն Սամվելի Այվազյանին օրեր առաջ հուղարկավորել են հայրենի Մալիշկա գյուղում: