Թող հայ զինվորները տեսնեն, որ մենք էլ այստեղ ենք կռիվ տալիս ու անհրաժեշության դեպքում գալու ենք միանանք իրենց. Հայերը փակել էին Բելգիա-Ֆրանսիա սահմանը
Վաղ առավոտից հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Եվրոպայի տարբեր երկրներում։ Համբուրգից բացի, մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անցկացրել նաև Ֆրանսիա-Բելգիա սահմանում։ Հարյուրավոր ավտոմեքենաներ փակել էին երկկողմ երթևեկությունը։ Նրանք պահանջում էին Եվրոպական միության երկրներից առավել կոշտ քայլերի դիմել ագրեսոր երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Նրանք պահանջում էին, որպեսզի պետական հեռուստաընկերությունների լրագրողները գան և լուսաբանեն կատարվողը: Ֆրասիայից լրագրող եկավ, իսկ Բելգիայից՝ ոչ:
«Մեր բողոքի ձայնն ենք բարձրացել, որ Եվրոպայի՝ կատարվածից անտեղյակ ժողովուրդը տեսնի ու լսի, թե իրականում ինչ է կատարվում: Թող հայ զինվորները տեսնեն, որ մենք էլ այստեղ ենք կռիվ տալիս ու անհրաժեշության դեպքում գալու ենք միանանք իրենց»,- ասացին մեր հայրենակիցները:
Ներկաները որոշեցին ավարտել ակցիան, քանի որ արդեն ոստիկանական ուժեր էին եկել: