«Ռուստամ Գասպարյանի ավագ որդին տեղում մահացել է, Ռուստամը գլխուղեղային ծանր բեկորային վնասվածքով վիրահատվել է». Նաիրա Զոհրաբյան
Երեկ Արցախում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին, իսկ Ռուստամ Գասպարյանը գլխուղեղային ծանր բեկորային վնասվածքներ է ստացել:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում մի քանի մանրամասներ հայտնեց. «Այս ընթացքում Ռուստամի հետ ոչ հաճախ, քանի որ կապը, գիտեք, Արցախում մշտական ընդհատումների մեջ էր, կապի մեջ եմ եղել: Նա հենց առաջին օրերից եղել է ամենածանր դիքերում՝ իր որդու հետ միասին»:
Դեպքին անդրադառնալով՝ Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Կարծեմ՝ անօդաչուն է խփել մեքենային, որի մեջ եղել է նաև Ռուստամի ավագ որդին: Ավագ որդին տեղում մահացել է, Ռուստամը՝ մեր ընկերը, ԲՀԿ երկար տարիների մեր գործընկեր, գլխուղեղային ծանր բեկորային վնասվածքով վիրահատվել է: Դուրս են բերել կրիտիկական ծանր վիճակից, մեր պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ է այնտեղ, հիմա տեղափոխում են Գորիս, որպեսզի այնտեղից տեղափոխենք Երևան: Այս պահին ինքը գիտակցություն ունի: Ցավոք սրտի, որդու մահն էլ հենց այդ խփելու պահին ինքը տեսել է. ամենամեծ ողբերգությունը դա է»: