«Մեր տղանները ռազմական պատմության մեջ էլ են ոսկի էջեր դրել՝ հետ են տալիս թուրք-ադրբեջանական-ահաբեկչական գրոհները». Դավիթ Բաբայան
«Երեկ Ստեփանակերտի մոտակայքում եղել է ռմբակոծություն, սակայն քաղաքը համեմատաբար հանգիստ է, բայց սա չի նշանակում, որ ժողովուրդն արդեն անցել են իրենց առօրյային։ Բոլորը պահպանում են անվտանգության կանոնները, պատսպարված են, այս ամենը կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով սահմանային ընդհանուր իրավիճակին, Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ սահմանների որոշ հատվածներում շատ թեժ է։
«Կարելի է ասել, որ մեր տղանները ռազմական պատմության մեջ էլ են ոսկի էջեր դրել՝ հետ են տալիս թուրք-ադրբեջանական-ահաբեկչական գրոհները։ Մենք նաև տեսնում ենք, որոշ զարգացումներ Ադրբեջանում, որ նրանք արդեն խոսում են իրենց քաղաքներում ինչ-որ ահաբեկչական գործողությունների մասին և զգուշացնում քաղաքացիներին։ Ըստ երևույթին, ահաբեկիչների գործողություններն այնտեղ վերահսկողությունից դուրս են գալիս։ Այսինքն՝ մենք պետք է սպասենք տարբեր-տարբեր զարգացումների»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Նա նաև ընդգծեց, որ ականատես են լինում, որ Թուրքիան աստիճանաբար դառնում է իզգոյ պետություն, այսինքն՝ շատ երկրներ երես են թեքում նրանից, չնայած դժբախտաբար կան որոշ ազդեցիկ երկրներ, որոնք տեղեկատվական դաշտում Թուրքիայի կողմնակիցն են և ամեն ինչ լուսաբանում են թուրք-ադրբեջանական շահերի ներքո։
«Ընդհանուր մենք այսպիսի վիճակ ունենք և պետք է դիմակայենք, այլ տարբերակ չունենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։