Բաժիններ՝

Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերն Հայաստան ժամանելու և հայրենիքին իրենց ֆիզիկական աջակցությունը ցուցաբերելու ցանկություն են հայտնել: Այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նրանց խնդրելով Հայաստան ժամանելուց հետո համագործակցել գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

«Կան մեծ թվով մեր հայրենակիցներ, որոնք ցանկանում են ներկա լինել հայրենիքում ու իրենց անմիջական ֆիզիկական աջակցությունը ցուցաբերել այս պայքարում: Ունենք բազմաթիվ բժշկական խմբեր, որոնք եկել են հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, այդ հոսքն էլ շարունակվում է: Մենք քաջալերում ենք նման հոսքը և լուրջ աջակցության կարիք ունենք, մեր բժիշկները քաջաբար պայքարում են յուրաքանչյուրի կյանքի համար, սակայն նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են, հետևաբար, որքան օգնություն ստանանք, այնքան լավ: Այլ հմտությունների ու այլ հնարավորությունների տիրապետող մյուս անձանց, որոնք գալիս են Հայաստան կամ մտադիր են գալ Հայաստան, կրկին խնդրում եմ համագործակցել գրասենյակի հետ, որպեսզի ձեր կարողություններն օպտիմալ ձևով օգտագործվեն այս իրավիճակում»,- ասաց Սինանյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նորայր Շողիկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս