«Հակառակորդի բոլոր փորձերը՝ մեր պաշտպանությունը ճեղքելու առումով, ձախողվել են, նա տվել է բավականին մեծ քանակությամբ զոհեր». Դավիթ Բաբայան
Արցախի Հանարապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախը պինդ է և կանգուն։
«Այս պահի դրությամբ մեր հերոսական բանակը, մեր սուրբ տղաներն իրականացնում են պարզապես պատմական առաքելություն, պաշտպանում են հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի ապագան, կանգնած են մինչև վերջ, որևէ խուճապ, հուսահատություն չկա և չի էլ կարող լինել։ Սա ընդհանուր Արցախի բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա, բոլորի սրտերն արյունով լի են՝ կորուստների ու զրկանքների պատճառով, սակայն ոգին անկոտրում է, կամքն ու հավատն էլ՝ անսասան։
Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ համառ մարտերը շարունակվում են ճակատի գրեթե ողջ երկայնքով։ Ճիշտ է, որոշ տեղերում համեմատաբար ավելի հանգիստ է, որոշ տեղերում ավելի թեժ է, հատկապես այս օրվա ընթացքում, վաղ առավոտյան և գիշերը։
«Հակառակորդի բոլոր փորձերը՝ մեր պաշտպանությունը ճեղքելու առումով, ձախողվել է, նա տվել է բավականին մեծ քանակությամբ զոհեր, և ահագին զինտեխնիկա է ոչնչացվել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։