«Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը». Նիկոլ Փաշինյան

«Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ ո՞ր ժամին և որտեղի՞ց կհարձակվի թշնամին: Արցախի Պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ, ներառյալ՝ մի քանի հազար հատուկ ջոկատայիններ Թուրքիայից և, ըստ որոշ տեղեկությունների՝ Պակիստանից, ինչպես նաև՝ վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից»,- այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ առաջին շաբաթվա ընթացքում հակառակորդը չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություն. «Եվ սա՝ այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը և Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում: Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում, մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում՝ այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին: Հետագա կարուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար՝ դիակների, գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում հարցը շուտափույթ ձևով կարգավորելու տրամաբանությամբ: Ադրբեջանը, սակայն, ըստ էության, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը, և մինչև այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձևավորմանը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ: Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան՝ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորայիններին, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, ԱԺ-ների, տեղային ինքնակառավարման և պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ կորուստներ. «Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան»:

Վարչապետն ընդգծեց, որ Արցախի ՊԲ-ն վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ. «Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն: Այս արձանագրումը, սակայն, չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով: Այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետև պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսել մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է զոհերը, և մեր հաշվարկներով՝ ավելի քան 1 մլրդ դոլարի զինտեխնիկա է կորուստը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի և Հայաստանի նկատմամբ. «Այս օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ջանքեր են գործադրել և գործադրում՝ հրադադարի հաստատմանը հասնելու ուղղությամբ: Ես ուզում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին շնորհակալություն հայտնել՝ իրենց գործադրած ջանքերի համար»:

Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով, որ նրա հետ ինտենսիվ կապ է պահպանել այս օրերին. «Այս օրերին Ռուսաստանը կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը: Եվ համոզված եմ, որ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն: Եվ մենք, հավատարիմ լինելով ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը՝ ուզում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար: Այս ջանքերը, սակայն, մինչ օրս բավարար չեն եղել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորմանը սանձելու համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս