Բաժիններ՝

«Մատաղիսի ուղղությամբ 10 օր անտառներում թաքնված լինելուց հետո երեկ երկու զինծառայող է փրկվել». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչ-զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հայկական զոհերի կամ անհետ կորածների թվին, նա նշել է, որ վերջնական և հստակ թիվ չեն կարող հայտարարել:

«Երբ տեսնում ենք, որ էսինչյան էսինչի մասին ինֆորմացիա չկա, կամ գտնում ենք դիակը, ապա անմիջապես հայտնում ենք: Ինչը կասկածելի է, մենք չենք կարող ասել: Դիցուք, օրինակ բերեմ. հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, բայց հետո դուրս եկան: Երեկ Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ո՛չ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ո՛չ էլ ծնողները, բայց վերջնական ստուգումներն այսպես են ընթանում»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Ադրբեջանն իր զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել:

«Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում: Սա առաջին կոնֆլիկտը, պատերազմը չէ, որ մենք նման քաղաքականություն ենք վարում՝ և՛ աշխարհի հետ, և՛ սեփական ժողովրդի հետ թափանցիկ ենք աշխատում: Ինձ թվում է՝ նույնիսկ Թուրքիայի բնակչությունը գիտի, որ Ադրբեջանում թաքցնում են, իսկ Հայաստանում չեն թաքցնում»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս