
Մադուրոն հայտարարել է գաղութարարների պատվին անվանված փողոցները վերանվանելու մտադրության մասին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է այդ երկրի տարածքում գտնվող բոլոր փողոցները եւ մյուս հասարակական տարածությունները վերանվանելու մտադրության մասին, որոնք անվանված են ի պատիվ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գաղութարարների, ներառյալ իսպանացի կոնկիստադորների պատվին: «Ես համաձայնվեցի առաջարկությանը (…) աստիճանաբար, կազմակերպված եւ կարգապահորեն սկսելու հասարակական տարածությունների ապագաղութացման գործընթացը, որոնք կրում են գաղութարարների անունները: Մենք կվերականգնենք մեր բնիկ ժողովուրդների իրավունքները»,- հոկտեմբերի 13-ին գրել է պետության ղեկավարը Twitter-ում։
Ավելի վաղ ելույթ ունենալով պետական հեռուստատեսության եթերում՝ Մադուրոն պարզաբանել է, որ առաջիններից մեկն իր անվանումը կփոխի Կարակասում Ֆրանսիսկո Ֆախարդոյի խճուղին՝ Վենեսուելայի մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը: «Դա (խճուղուին գաղութարար Ֆրանսիսկո Ֆախարդոյի անունով կոչելը – ծանոթ. խմբ.) խայտառակություն է, դա վիրավորանք է մեր ժողովուրդների համար: Դա նույն բանն է, եթե Եվրոպայի որեւիցե երկրում խճուղին անվաներին Հիտլերի պատվին: Հենց այդպես, ես չեմ չափազանցնում»,- հայտարարել է Վենեսուելայի ղեկավարը:
Ինչպես պարզաբանել է պետության ղեկավարը, վերանվանումից հետո խճուղին կկոչվի Մեծ առաջնորդ Գուայկայպուրո: Ապագաղութացման գործընթացի անցկացման՝ Մադուրոյի նախաձեռնությունը նվիրված է Ամերիկայի հայտնագործման հերթական տարեդարձին: Այդ իրադարձության պաշտոնական օրը համարվում է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի գլխավորած իսպանական արշավախումբը, որոնելով դեպի Հնդկաստան ամենակարճ ճանապարհը, հասավ Սան Սալվադոր կղզի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: