Էստոնիայի իշխող քաղուժերից մեկը Թուրքիային կոչ է անում դադարեցնել ռազմական աջակցությունը Բաքվին

Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու), հոկտեմբերի 12-ին կառավարության հարցուպատասխանին հաջորդած խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ:

Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։

Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը ստորև:

«Մենք լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ:

Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ, և դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձևավորումը և ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ:

Պատմության ընթացքում հայերը Թուրքիայում և Ադրբեջանում ենթարկվել են հետապնդումների (19-րդ դարի վերջին, 1909թ., 1988թ., 1990թ.) և Ցեղասպանության 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում): Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ջարդ չկրկնվի:

Պատմության ընթացքում հայկական տարածքը կրճատվել է 10 անգամ: Այն Խորհրդային միության ամենափոքր անդամ պետությունն էր:

Արարատը՝ հայերի ազգային խորհրդանիշը, որտեղ հանգրվանել է Նոյան տապանը, ժամանակին երկրի կենտրոնն էր: Հիմա հայերն այն տեսնում են միայն հորիզոնում կամ հայկական կոնյակի շշի վրա՝ որպես նշան: Նույնն էլ Վանը, որը ժամանակին Հայաստանի ներքին լիճ էր. այս տարածքներում բնակվող հայերը տեղահանվեցին և (կամ) սպանվեցին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նոր սպանդ չլինի: Այդ նպատակով չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը սրվի:

Կոչ ենք անում կողմերին հետևել հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) նախագահների կողմից արված համատեղ հայտարարությանը և վերադառնալ բանակցությունների սեղան, քանզի հարցի կարգավորմանը կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով»։

Տեսանյութեր

Լրահոս