«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
«Հրավեր է եղել, խնդիրն Արցախն է եղել, ռազմական գործողությունները, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը, մյուս արտախորհրդարանական ուժերի հետ, մասնակցում էր վարչապետի կողմից հրավիրված քննարկմանը:
Լրագրողների հարցին՝ Արցախի հարցում ձեր տեսակետները համընկնո՞ւմ էին վարչապետի տեսակետի հետ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Համընկնում էին, թե չէ, պետք է հարցնեք իրենց, մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»:
Արդյոք Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ քննարկում եղե՞լ է, Շարմազանովը պատասխանեց, որ չի կարող գաղտնազերծել, թե հանդիպմանն ինչ են քննարկել.
«Չեմ կարող գաղտնազերծել, մենք հստակ նշել ենք՝ Արցախը չի կարող, երբեք, ոչ մի պարագայում լինել Ադրբեջանի կազմում: Իմ կարծիքով՝ պետք է անել հնարավորինս, որպեսզի այդ հրադադարի ռեժիմն աշխատի»:
Լրագրողների հաջորդ հարցին, թե արդյոք Արցախի հարցի շուրջ ներկուսակցական քննարկում եղե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Շարմազանովը պատասխանեց՝ եթե այսօր մասնակցել է կառավարության հրավիրած քննարկմանը, բնականաբար, ներկուսակցական քննարկում եղել է:
Հարցին՝ արդյոք այս փուլում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն արդարացված կլինի՞, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը, իմ խորին համոզմամբ, պետք է արվի այն ժամանակ, որն օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և կլինի շարունակական այլ միջազգային ֆակտորների կողմից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ: