«Ադրբեջանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք. հրադադարից հետո այդ խմբերը չեզոքացվել են». Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողությունն էր փորձում իրականացնել, իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվել է հայկական զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, կորցրել է 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա, մանր այլ միջոցներ»,- նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հրադադարի հաստատվելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները:

Ըստ ՊՆ ներկայացուցչի, այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել էր ժամը 12.00-ից: Չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից դրանց պատասխան տրվել է:

«Մասնավորապես, մինչև հրադադարի հայտարարելը, Ադրբեջանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են: Ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին ՊԲ-ն լրացուցիչ հայտարարեց, և հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարն այն  հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի: Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը նույնպես օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու նման դեպքերը թույլ են տրվելու միայն Կարմիր խաչի նեկայացուցիչների առկայության պարագայում»,-ասաց նա:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս