Բաժիններ՝

Գինցբուրգը նշել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո դիմակներից հրաժարվելու ժամկետները

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո դիմակներ կրելուց հրաժարվել կարելի է միայն այն բանից երեք շաբաթ անց, երբ կներարկվի պատրաստուկի երկրորդ բաղադրամասը եւ կորոշվի հակամարմինների մակարդակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեյայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Պետք է առնվազն 21 օր սպասել պատվաստում ստանալուց հետո, այնուհետեւ պետք է վստահ լինել, որ դու փորձի խմբում ես, այլ ոչ թե պլացեբոյի խմբում, եւ ես խորհուրդ կտայի ստուգել պրոտեկտիվ հակամարմինների մակարդակը եւ դրանից հետո ինքներդ որոշել՝ դիմակ կրել, թե՝ ոչ: Եթե մակարդակը բարձր է, ապա կարելի է չկրել, իսկ եթե մակարդակը բավարար չէ, ապա ավելի լավ է կրել»,-պարզաբանել Է նա:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ. առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 7-ից Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները, իսկ սեպտեմբերի 9-ից պատվաստում են ստացել առաջին մասնակիցները: Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը պլացեբո կստանան: Դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս