Բեռլինում սպանված Խանգոշվիլին ահաբեկչություններ է նախապատրաստել Բեսլանում և Մոսկվայում
Գերմանիայում սպանված Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին մասնակցել է 2004 թվականին Բեսլանում իրականացված ահաբեկչության եւ Մոսկվայի մետրոյում գնացքի պայթյունի նախապատրաստմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի ուժային կառույցների մի աղբյուր, որը ծանոթ է քրեական գործերի նյութերին:
Բեռլինում հոկտեմբերի 7-ին սկսվել է ռուսաստանցի Վադիմ Սոկոլովի նկատմամբ դատը, որին մեղադրում են 2019 թվականի օգոստոսին Խանգոշվիլիի սպանության մեջ: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները Գերմանիայի հետ քննարկել են Խանգոշվիլիի հանձնումը՝ ահաբեկչությանը նրա մասնակցության առնչությամբ, բայց կոնկրետ ահաբեկչություն մետրոյում չի նշվել:
«2004 թվականին Խանգոշվիլին մասնակցել է Բեսլանում եւ Մոսկվայի մետրոպոլիտենում «Ավտոզավոդսկայա» եւ «Պավելեցկայա» կայարանների միջեւ ահաբեկչությունների պլանավորմանն ու նախապատրաստմանը: 2005 թվականին նա անօրինականորեն Վրաստանի տարածք է անցել կեղծ անձնագրով»,-նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Խանգոշվիլին ուժայիններից թաքնվել է Վրաստանի Ախմետայի շրջանում եւ այնտեղից զբաղվել Վրաստանից Չեչնիա անօրինական զինված կազմավորումներին ֆինանսներ բաշխելով եւ ուղարկելով: 2006 թվականին նա նաեւ մասնակցել է ահաբեկչական խմբի նախապատրաստմանը, որի զինյալները պետք է գործերին Հյուսիսային Կովկասում, իսկ 2013 թվականին ղեկավարել է Թուրքիայի տարածքով Պանկիսի կիրճից Սիրիա ահաբեկիչներ փոխադրելու ուղիները: Ինչպես ավելի վաղ պատմել է Պուտինը, գերմանացի գործընկերները պաշտոնապես չեն մերժել Ռուսաստանի հատուկ ծառայությունների դիմումը Խանգոշվիլիին հանձնելու վերաբերյալ, իսկ այդ առիթով Գլխավոր դատախազության պաշտոնական հարցում այդպես էլ չհետեւեց: Նա նաեւ նշել է, որ Բեռլինում սպանված Խանգոշվիլին ակտիվորեն մասնակցել է Կովկասում անջատողականների կողմում մարտական գործողություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: