Արդեն իսկ հասունացել է Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման պահը. Լյուքսեմբուրգի հայերը բողոքի ակցիա կանցկացնեն

Օրեր առաջ հայտարարվեց, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական Կոնվենցիայի Կենտրոնում ժամը 09:00-ին տեղի կունենա բանավեճ, որի ժամանակ Եվրոպական Միության անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև Արցախյան վերջին զարգացումները:

Լյուքսեմբուրգի և հարակից շրջանների հայերը երկուշաբթի օրը ժամը 08:30-ից հավաքվելու են Լյուքսեմբուրգի Եվրոպական Կոնվենցիայի Կենտրոնի առջև (4 Place de l’Europe, 1499 Luxembourg) ՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի:

«Աշխարհի հայերն ընդամենը մեկ բան են ուզում՝ խաղաղություն և Արցախի անկախություն: Սա ապրելու և գոյատևելու, մեր իրավունքները պաշտպանելու համար է: Սահմանին այսօր  կռվում են մեր 18-20 տարեկան երիտասարդները: Ցավը բոլորինս է, պայքարը՝ նույնպես: Ազգի բռունցք դառնալը ներկա պահի ամենակարևոր փուլերից մեկն է, որպեսզի կարողանանք դիմակայել ու նորից շարունակել ապրել: Անհայրենիք չենք ուզում մնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակից Սիրանուշ Կուրղինյան-Հարությունյանը:

Նա նշեց, որ Լյուքսեմբուրգում հայ համայնքը սակավաթիվ է, սակայն ձայնը լսելի դարձնելու համար ցանկալի կլիներ, որպեսզի հարակից երկրներից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, հայերը ևս միանան իրենց: Պաստառներ պետք չեն, ուղղակի ցանկալի է, որ բերեն Արցախի և Հայաստանի դրոշներ:

Շարունակելով հայրենակցի խոսքը՝ Տաթև Մանուկյանը հավելեց. «Մենք՝ լյուքսեմբուրգահայերս և հարակից երկրների հայ համայնքների ներկայացուցիչները, հավաքվելու ենք Լյուքսեմբուրգում Եվրոպական Կոնվենցիայի կենտրոնի դիմաց՝ մեր քաղաքակիրթ ներկայությամբ փաստելու պահի, քննարկման և իրենց որոշումների ծանրակշիռ կարևորությունը հայերիս ճակատագրի հետ կապված: Մեր հիմնական շեշտադրումները լինելու են՝ «պոլիտկոռեկտ և մտահոգություն հայտնող» արձագանքներից անցնել կոնկրետ քայլերի, Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ սանկցիաներ կիրառել, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և, որ ամենակարևորն է, արդեն իսկ հասունացել է Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման պահը, որպեսզի մեկ այլ էթնիկ բնաջնջումից խուսափենք:

Իմ ամբողջ կյանքի ընթացքում երբևիցե չեմ տեսել, որ Սփյուռքն այսպես ոտքի կանգնի։ Սահմանագծում իմ եղբայրներին հավաստիացնում եմ՝ սփյուռքը թիկունքում ուս ուսի տված է, ձեր թիկունքը պահած՝ թե՛ քաղաքական, և թե՛ ֆինանսական առումով, և ռեսուրսներն օգտագործելու ենք մինչև վերջ՝ չհանձնվելով, ինչպես որ դուք չեք հանձնվում։ Ու, ա՜խ, ինչքան հպարտության դասեր եք մեզ բոլորիս տալիս… Իսկ ես ինքս անելիքներս միջազգային ասպարեզում շուտով կավարտեմ ու կգամ ձեզ հետ «քյոմակ անելու»»:

Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել էր Մոսկվա` հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունների նպատակով, որպեսզի հակամարտող կողմերը հնարավորություն ունենան փոխանակելու գերիներին և զոհվածների մարմինները: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան:

Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը:

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ. այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս