«Բաբկեն Թունյանն ինձ զանգահարեց և ասաց, որ մեր շատ հարգված գործընկերն այսպիսի գրառում է արել, դա խայտառակություն է». Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովում այսօր արտահերթ ռեժիմով երկու ընթերցմամբ քննարկվում է սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հաստատված ռազմական դրության սահմանափակումների խախտման և միջոցառումների չկատարման համար վարչական և քրեական պատասխանատվություն սահմանող օրենսդրական փաթեթը, որը պատասխանատվություն է նախատեսում նաև կեղծ լուրեր տարածելու համար։
Անդրադառնալով օրենքի նախագծին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց և հիշեցրեց, որ այժմ երկիրն իրավական առումով գտնվում է ամենախիստ ռեժիմի պայմաններում, որը ռազմական դրությունն է։
«Մեր երկիրը պատերազմի որևէ փուլում ռազմական դրություն չի հայտարարել և ըստ դրա՝ մոբիլիզացիա չի արել պահանջներով, սա առաջին անգամ է։ Ռազմական դրության այս ռեժիմն ըստ էության ապահովեց այս լայնածավալ պատերազմի կասեցումն այս փուլում։ Լավ կլիներ, որ այս փաթեթը, որը ճիշտ փաթեթ է այն առումով, որ անկումային տրամադրությունները կկանխի։ Այն միասնությունը, որը հայտարարված է մեր հասարակության մեջ, դրանք ամբողջական չեն, բայց մեծամասամբ մեր հասարակությունը կիսում է այս ռեժիմի բոլոր դժվարությունները»,- նշեց պատգամավորը։
Այնուհետև դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, ասաց, որ պետք է համաձայնել, որ ամեն մի ճիշտ բան չէ ռազմական, պատերազմի պայմաններում հնչեցնելը, ինչ ուզում է՝ լինի, այն, ինչը վերաբերում է բանակին։
«Այսօր առավոտյան Բաբկեն Թունյանն ինձ զանգահարեց և ասաց, որ մեր շատ հարգված գործընկերն այսպիսի գրառում է արել, դա խայտառակություն է, դա շատ նման էր Հրանտ Բագրատյանի և մյուսների այն տեսակետներին, որ Ալիևի տեղը լինեի, հիմա կհարձակվեի Հայաստանի վրա։ Եվ հիմա շատ արդարացի շատերն ասում են՝ Հրանտ Բագրատյան, դու դա որ ասեցիր՝ դրա տակից դուրս գալո՞ւ ես, թե՞ չէ։ Վերջին հաշվով, պատերազմի ժամանակ հակառակորդն օգտագործում է բոլոր հնարքները, ներքին թշնամիներ գտնում են, որովհետև հասարակությունն այդքան ամբողջական մի բանի մեջ չէ։ Գործակալ կոչվածը դա հիվանդ մարդ է, և իրենք էլ ունեն իրենց գործակալները։ Ես չեմ ուզում այսօր բոլորին նայել գործակալների տրամաբանության մեջ, բայց կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հնչեցնում են տեսակետներ, որոնք վնասում են մեր վերջնական հաղթանակների կերտմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ՝ սփյուռքի մեր բարեկամներ, պետք են զրահաբաճկոններ։
«Զրահաբաճկոններ ու կևլարե սաղավարտներ պետք են զինվորներին (ունեն, բայց էլի է պետք), լրագրողներին, կրակի տակ բանակին անհրաժեշտ պարագաներ հասցնող քաղաքացիականներին, փրկարարներին և այլն։ Այդ նպատակով առաջարկում եմ սփյուռքում միավորվել և գնել ու Հայաստան ուղարկել հնարավորինս շատ զրահաբաճկոն ու սաղավարտ։ Բանակի համար ցանկալի է գոնե 5-րդ դասի զրահաբաճկոն։ Լրագրողների ու կրակի տակ աշխատող քաղաքացիականներին, փրկարարներին` 3-րդ դասն էլ է ՕԿ»,- գրել էր նա։
Այս գրառման տակ «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել էր. «Էս ի՞նչ ես խոսում, քեզ ո՞վ է իրավունք տվել նման բան ասել»։
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի ելույթից ժամեր անց, մոտավորապես ժամը 15:00-ի սահմաններում Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան նոր գրառմամբ տեղեկացրեց, որ Բաբկեն Թունյանի մասին գրառումը փակել է, «քանի որ այժմ ներքին կոնֆլիկտների ժամանակը չի։ Բաբկենը չի Արցախի ու Հայաստանի վրա կրակում, Բաբկենի արձակած արկը չի ինձանից 20 մետրի վրա ընկել, Բաբկենի նմանները չեն մեր գլխավոր պրոբլեմը»։ Զրահաբաճկոնների մասին նախորդ գրառումը պահպանվում է:
Իսկ խորհրդարանում այսօրվա քննարկման ժամանակ Անդրանիկ Քոչարյանը բոլորին հորդորեց վերհիշել, թե 90-ականներին ընդդիմադիր մամուլն ինչ էր գրում։
«Երբ Վազգենը հրաժարական տվեց, ժամանակ ունեցավ այդ ամբողջը մի հատ կարդալու։ Մի օր ասաց՝ դու կարդացել ես, թե Արծվաշենից հետո այս ինչ են անում, կամ այս ընթացքում։ Այդ անկումային տրամադրությունները մասսայական սերմանվում էր, դրա համար շատերը փախնում էին, այսօր այդ խնդիրը չկա, այսօր մենք միասնականություն ենք կերտում, նաև այս դահլիճում»,- ասաց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում