«Չենք կարող ինքնահոսի թողնել, որ ցանկացած չճշտված կամ խուճապ առաջացնող տեղեկություններ, ընդ որում, արդեն արձանագրվում են դիտավորյալ նման դեպքեր, տարածվեն». Ռուստամ Բադասյան

«Բոլորդ էլ ականատես եղել եք, այսինքն՝ ես հիմա չեմ կարող… սկսած ստատուսներից՝ վերջացրած վարչապետի նկարագրած իրավիճակով, որը չի բացառվում, որ Քրեական օրենսգրքով արգելված նաև այլ հանցակազմ է պարունակում։ Չի բացառվում, որ դա պետական դավաճանություն լինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք նաև, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց Վարչական իրավախախտումների մասին  օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Ըստ որի, Հայաստանում գործող ռազմական դրության պայմաններում պետության անվտանգությունը, հասարակական կարգը, պետական ​​հիմնարկների արդյունավետ գործունեությունը և հասարակության միասնությունն ապահովելու համար պետք է ընդլայնվի առկա սահմանափակումների ցանկը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ինչ-որ անձինք գնացել են առաջին գիծ և զինվորներին հորդորել են լքել դիրքերը՝ նրանց համոզելով, որ այս պատերազմը պայմանավորված է. «Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում, և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից:

Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու: Հանո՛ւն հայրենիքի»,- գրել էր վարչապետը։

Հարցին, երբ պատերազմի ժամանակ մարդիկ ասում են՝ իշխանությունները լավը չեն, նշանակո՞ւմ է՝ դավաճանություն է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Դա ևս խուճապ առաջացնելու տրամադրություններ կարող է առաջացնել։ Չեմ կարծում, որ ռազմական դրության ընթացքում նման հարցերը քննարկելու ժամանակն է, սա պարզ քննադատության մասին չի խոսում, այլ խոսք է գնում պատերազմի ընթացիկ իրավիճակի վրա ազդելու, մեր զինվորների ոգին կոտրելու և նման արարքների մասին»։

Դիտարկմանը, որ Արցախի առաջին պատերազմի ժամանակ պահանջում էին Առաջին նախագահի հրաժարականը, Ռուստամ Բադասյանը նշեց, որ չգիտի, թե Արցախյան գոյամարտի ժամանակ ինչ իրավիճակ է եղել։

«Կարծում եմ՝ դուք նկատել եք, որ վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաներն ինչ դեր են ձեռք բերել, ինչ է հնարավոր անել տեղեկատվական տեխնոլոգիաներով, և այսօր պատերազմն ընթանում է նաև դրանց օգտագործմամբ։ Հետևաբար՝ մենք չենք կարող 90-ականների իրավիճակը համեմատել 2020 թվականի հետ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Հաջորդ հարցին՝ արդյո՞ք օրենքի նախագծով եղած սահմանափակումները տարածվում են նաև համացանցում արված գրառումների վրա, հատկապես այն դեպքում, երբ օգտահաշիվներից շատերը  բացված են դրսից, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ արտասահմանից նոր բացված էջերի կամ վճարովի տարածվող տեղեկությունների վտանգավորությունն ավելի նվազ է, որովհետև հանրությունն օգտվում է այնպիսի լրատվամիջոցներից, որոնց նկատմամբ կա վստահություն։

«Պայքարի այլ մեթոդներ կան նման դեպքերի համար, այսինքն՝ թշնամին հենց առաջին օրվանից փորձում է պայքարել, դա ակնհայտորեն չի ստացվում, քանի որ պետության ռեսուրսները դրա դեմ պայքարելու բավարարում են։ Մենք չենք կարող ինքնահոսի թողնել, որ ցանկացած չճշտված տեղեկություն կամ խուճապ առաջացնող տեղեկություններ, ընդ որում, արդեն արձանագրվում են դիտավորյալ նման դեպքեր, դրանք տարածվեն և բոլորիս վրա ազդեցություն ունենան, էլ չեմ ասում՝ մեր զինվորների»,- շեշտեց Ռ. Բադասյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ խուճապ կարող է առաջացնել նաև այն, որ բարձր մակարդակով ասվում է, որ չկան պաշտպանիչ հագուստներ, նաև ստույգ տեղեկություններ, թե որտեղ պետք է կամավորները հավաքվեն և այլն, Ռուստամ Բադասյանը նշեց, որ պաշտոնական լրահոսով բացառապես ճշմարիտ տեղեկությունն է: «Ձեր նշած դեպքերից շատերը մեկնաբանություններ են, նախ՝ եթե ասում են՝ այստեղ կամ այնտեղ ենք հավաքվում, դա ամենևին չի վկայում ինչ-որ խնդիրներ, դա ավելի շատ վերլուծական դաշտում է, փաստի մասին չէ, որ խուճապ առաջացնի։ Իսկ առհասարակ պաշտոնական լրահոսով տարածվում են տեղեկություններ, որոնք ճշմարիտ են»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ Հայաստանում տարեկան 10 հազար անձ է զորացրվում, և այն դիտարկմանը, որ կամավորները կարող են ճակատ մեկնել Չարբախի հավաքատեղիից, Ռուստամ Բադասյանը կարծիք հայտնեց, որ բոլոր նման հայտարարությունները նախապես ճշտված են լինում։

«Նման հայտարարություններ տարածելիս որևէ խուճապ չի կարող առաջանալ, բացի այդ, բնականաբար, նախատեսվում է բոլոր հետևանքները, նաև թշնամու վարքագիծը, և որևէ խնդիր չի կարող առաջանալ։ Պետք է ընդամենը հետևել պաշտոնական լրահոսին»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս