ԵՏՀ նախարարը ներկայացրեց պարենային ապահովման հետ կապված իրավիճակը ԵԱՏՄ-ում
Եվրասիական տնտեսական միությունում պարենային ապահովման խնդիրը 2020-2021 թվականներին բացառվում է, քանի որ բոլոր տեսակի ապրանքների համար, մրգերից եւ հատապտուղներից բացի, ավելցուկ է գրանցվել (պակասուրդը 55 տոկոս է կազմում): Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը:
«Հացահատիկի ավելցուկը, որը հատկապես զգայուն է Հայաստանի համար, մոտ 40 միլիոն տոննա է կազմում, շաքարավազինը` 1 միլիոն տոննա: Ցուցակը կարելի է երկար թվարկել: ԵԱՏՄ-ն համարժեքորեն հաղթահարում է կորոնավիրուսի պատճառած ճգնաժամը: Մեզ հաջողվել է խուսափել փոխադարձ առեւտրի ոլորտում առկա դժվարություններից, որոնք կարող էին լինել: Ներքին շուկայի պաշտպանության բոլոր մեխանիզմները բավականին օպերատիվ կերպով ընդունվել են: Այժմ ջանքերն ուղղված են արտաքին շուկա ավելի ակտիվ դուրս գալուն»,- նշեց նա:
ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը հավելեց, որ Կոլեգիայի աշխատանքի ողջ ընթացքում արդեն ավելի քան 10 խոչընդոտ է հանվել, որոնք հիմնականում կապված են գյուղատնտեսական ապրանքների տեղափոխման եւ վկայագրերի փոխադարձ ճանաչման հետ:
ԵՏՀ Տեխնիկական կարգավորման կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն շեշտեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ նիկոտին պարունակող արտադրանքի մատակարարման համար միասնական պահանջների սահմանման ուղղությամբ` հիշեցնելով, որ Հայաստանը պարտավորվել է երկու տարվա ընթացքում տեխնիկական կանոնակարգեր մշակել դրանց վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքների տեխնիկական կանոնակարգերին, ապա դրանք ուժի մեջ կմտնեն 4 տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում աշխատանքներ են տարվելու Միության անդամ երկրների օրենսդրական բազայի հավասարեցման ուղղությամբ»,- եզրափակեց պաշտոնյան: