«Դեռևս պատասխան չունեմ, հետևաբար՝ իմ դիմումը չի մերժվել». Էդմոն Մարուքյանը՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին
«Այս պահին առաջնագծում ընթանում են մարտեր, քանի դեռ կրակը չի դադարել, քանի դեռ առաջնագծում մարտերը չեն դադարել, ես չեմ կարող ասել, ինչը պետք է ուժի մեջ մնա: Որովհետև ամեն ինչ պետք է դադարի, մենք տեսնենք, թե ինչ ունենք, թշնամին ինչ ունի, այնուհետև խոսենք 1994 թվականի փաստաթղթից ու այլ փաստաթղթերից»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման գործընթացին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ Հայաստանում ռազմական դրության հայտարարման օրը՝ սետեմբերի 27-ին, ԼՀԿ-ն խորհրդարանում այդ հարցը բարձրաձայնել է:
«Սա այլևս բացված հարց է՝ որպես քննարկվող առարկա: Եթե նայեք վարչապետի հարցազրույցները, այդ հարցն արդեն հնչում է, հետևաբար՝ ուղերձները տեղ են հասել, եթե կարիք լինի հարցը քննարկել, դա էլ կարվի, այս պահին կարծում եմ՝ դա անելու ժամանակը չէ»,- հավելեց նա:
Անդրադառնալով դատարանի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումն անփոփոխ թողնելու որոշմանը և Գլխավոր դատախազությանը հղած իր դիմումին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դատարանների որոշումները երբեք չի գնահատել, դրանք պետք է կատարվեն, որին, եթե անձը համաձայն չէ, կարող է բողոքարկել:
«Ես սեպտեմբերի 28-ին դիմել եմ Գլխավոր դատախազին, հիմնավորել եմ, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինվի ստորագրությամբ, սա Գլխավոր դատախազի լիազորությունն է և դատարանի հետ կապ չունի: Ես դեռևս պատասխան չունեմ, հետևաբար՝ իմ դիմումը չի մերժվել, իսկ բողոքարկման գործընթացն առանձին գործընթաց է: Իմ կարծիքն ամբողջությամբ շարադրված է իմ նամակում, հույս ունեմ, որ Գլխավոր դատախազը կբավարարի իմ դիմումը»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով, եթե ցանկություն կա որևէ միջազգային փաստաթուղթ վերախմբագրելու, ապա պետք է հասկանալ, դրա հիմքերի առկայությունը կա՞, թե՞ ոչ:
«Զինադադարի ենթադրյալ պայմանագրին պետք է հաջորդեր խաղաղության պայմանագիր, և զինադադարի պայմանագրից հետո մեկ այլ պայմանագրի կնքումը ենթադրում է՝ ինչ-որ բան է փոխվել կողմերից մեկի համար: Հայկական կողմը՝ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը, որևէ բացասական միտումով որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, և բանակցությունները պետք է գնան խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ»,- ասաց պատգամավորը: