«Առանց Արցախի մասնակցության՝ որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ». Անդրանիկ Քոչարյան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երեկ հայտարարել էր, որ հինգշաբթի օրը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին https://168.am/2020/10/07/1382565.html հաղորդել էր Reuters-ը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ կարևոր է, որ սկսվում է խոսելու փուլը, քանի որ Ադրբեջանին չհաջողվեց բիրտ ուժի միջոցով խնդիրը լուծել, հետևաբար՝ այս փուլում խնդիրը լուծելն արդեն աշխարհի խնդիրն է դարձել:
«Արցախի հարցն արդեն սովորական խնդիր չէ, քանի որ անվտանգության գոտին միջազգային կարևոր նշանակություն է ձեռք բերել, քանի որ այդ գոտու շրջանակներում սկսում են տեղակայվել այնպիսի ուժեր՝ ահաբեկչական խմբավորումներ, որոնք օգտագործվում են Թուրքիայի կողմից: Արցախի խնդիրն արդեն միջազգային կարգավորման խնդիր է դառնալու»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Թե ի՞նչ օրակարգով հայկական կողմը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ օրակարգը պետք է լինի այնպիսին, որը կբավարարի հայկական կողմին, առաջին հերթին՝ Արցախի ազգաբնակչության անվտանգությանը:
«Եթե նախկինում խոսք էր գնում անվտանգության գոտու հետ կապված ինչ-ինչ սկզբունքների մասին, ապա այսօր այդ անվտանգության գոտին պետք է դառնա այնպիսի գոտի, որը կապահովի Արցախի անվտանգությունը: Խոսել շրջանները վերադարձնելու մասին՝ արդեն դառնում է աբսուրդ, օրակարգն ամբողջ իր էությամբ փոխվում է»,- նշեց նա:
Հարցին՝ փոխզիջումներ լինելո՞ւ են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բնականաբար, փոխզիջումներ պետք է լինեն, սակայն այդ փոխզիջումները չեն կարող հաշվի չառնել մեր անվտանգությունը՝ ոչ միայն Արցախի, այլև՝ հարակից պետությունների համար»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Արցախի անկախությունը ճանաչելու գործընթացին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Անցախի ճանաչումն անխուսափելի գործընթաց է՝ հաշվի առնելով Թուրքիայի շատ ակտիվ ներգրավվածությունն այս գործընթացների մեջ:
Նա նաև հավելեց, որ այն, ինչ տեղի է ունենում՝ գոյամարտ է, իսկ հայությունն իր գոյությունը պահպանելու համար պետք է Արցախի անկախությունը ճանաչի:
«Մենք հիմա պատերազմում ենք, և պատերազմի ելքն անխուսափելիորեն հաղթանակն է, որը կբացի այդ դուռը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առանց Արցախի մասնակցության՝ որևէ բանակցություն այլևս հեռանկար չի կարող ունենալ։