«Այս պատերազմը Թուրքիայի ախորժակը փակեց. Թուրքիան չէր սպասում, որ կտեսնի նման դիմադրություն». Նուբար Չալըմյան

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի կարծիքով՝ Ադրբեջանը սխալ հաշվարկ է արել՝ Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավելով:

«Երբ ես հետևում էի այդ ահաբեկիչների պահվածքին, իմ նկատառումն այն էր, որ պրոֆեսիոնալ չեն: Մինչև նրանց գցելն այդ տարածք` նրանց հետ համապատասխան աշխատանքներ չեն տարվել, ի վերջո, պետք է նրանց հասկացնեին՝ ում հետ պետք է գործ ունենան: Այս առումով՝ նրանց փախուստը, նրանց հեռախոսազրույցը, որտեղ մեկը մյուսին ասում է, թե իրենց խաբել են, խոսում է նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին: Սրանք էժանագին վարձկաններ են: Վարձկանների խմբին տեսնելով՝ նկատում էի, որ շատերի ձեռքերին ոսկյա մատանիներ, շղթաներ կան. սովորաբար, երբ պատերազմ են գնում, ամբողջ թանկարժեք զարդերը թողնում են տանը: Այս առումով՝ իմ կարծիքով հաշվարկը սխալ էր: Բայց մյուս կողմից՝ հաշվարկը կարող էր այլ առումով ճիշտ լինել: Թշնամու խնդիրը եղել է կայծակնային պատերազմը՝ մեկ-երկու օրվա ընթացքում հարցը լուծել, մեր կողմից ազատագրված տարածքներին տիրանան, և այդ ընթացքում առաջնագծի վրա այդ  ոչ պրոֆեսիոնալ վարձկաններին մսաղացի տալ՝ խնայելով իրենց ռեսուրսները, բայց երբ եղավ այն, ինչին այսօր ականատես ենք լինում, նրանք այլևս այնտեղ անելիք չունեն: Ես հավատացած եմ, որ նրանցից շատերը պետք է ճողոպրեն և հետ վերադառնան, թե ուր պետք է վերադառնան, դա չեմ կարող ասել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա կարծիքով՝ այսուհետ Հայաստանի հիմնական խնդիրը պետք է լինի որոշ ժամանակ խիստ ձևով հետևել, թե ով է մտնում Հայաստան. «Պետք է իմանանք՝ ում ենք մուտքի արտոնագիր տալիս Հայաստան մտնելիս»:

Անդրադառնալով արաբական երկրների արձագանքին, նա նշեց, որ արաբական երկրներին պատիվ չի բերում այն, որ կան վարձկաններ և կռվում են Հայաստանի դեմ, դրա համար ամեն կերպ խուսանավում են և վարձկանների մասին որևէ խոսք չկա արաբական մամուլում. «Ինչ վերաբերում է պատերազմական գործողություններին, ապա այս իրադարձությունները լուրերի առաջին սանդղակում էին: Իհարկե, ժամանակ առ ժամանակ փոխվում էր տոնայնությունը, և արաբական հեռուստաալիքների լուրերի մեծ մասը, ցավոք, հիմնվում է ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկատվության վրա»:

Նրա խոսքով՝ այս թոհուբոհի մեջ անգամ արաբները շատ լավ ճանաչում են Թուրքիային, հատկապես՝ նրա մոլագար նախագահին. «Թուրքիայի ախորժակը բավականին մեծ է, բայց նա դեռևս չի սկսել ուտել, որ ախորժակը բացվի: Այս պատերազմը Թուրքիայի ախորժակը փակեց. Թուրքիան չէր սպասում, որ ինքը, ոչ թե Ադրբեջանը, կտեսնի նման դիմադրություն հայկական, արցախյան բանակների կողմից՝ մոռանալով, որ այն ժողովուրդները, որոնք երկար ժամանակ գտնվում են ռազմական դրության մեջ, նրանց մարտունակությունը միշտ էլ բարձր է լինում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս