«Մոշը տեսել է, որ արկը գալիս է, նետվել է տղերքի վրա ու մարմնով փակել նրանց».  Վարդենիս համայնքի ղեկավար

«Մոշը եկավ համայնքապետարան, ասաց՝ ինձ մի հատ մեքենա տվեք, գնամ ընկերներիս հասնեմ»,- Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը վերջին անգամ այսպես է հիշում Արցախում զոհված 36-ամյա Մոշին՝ Կամո Մանվելի Մինասյանին:

168.am-ի հետ զրույցում Մելքոնյանը պատմեց, որ  այդ պահին մեքենա չի եղել, և, որ հորդորել է Մոշին  սպասել մինչև առավոտյան մարզպետարանից մեքենա կտրամադրեն, կգնա, սակայն Մոշը չի սպասել:

«Երկուշաբթի օրն էր, ասացի՝ երեքշաբթի առավոտյան կլինի ավտոմեքենան, համբերի, կտանք՝ կգնաս, ասաց՝ չէ, ես չեմ սպասի, ուրեմն ոտքով կգնամ, ինքն իրեն է գնացել: Նույնիսկ  կամերաները հետ տվեցինք, նորից նայեցինք, թե ոնց էր եկել՝ իրար խառնված, գնամ հասնեմ ընկերներիս, չեմ կարող ես մնալ այստեղ: Ասացի՝ մի օր համբերի, մեքենան կլինի, դե, գիտեի, որ շատ դուխով տղա է, ասաց՝ չէ, ես ոտքով կգնամ, իր նախկին հրամանատարն է  դիմավորել, տարել, հրամանատարն էլ է նույն օրը զոհվել»,- պատմեց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Մոշն իր կամքով գնաց ճակատ, կռվեց և հերոսաբար զոհվեց.

«Մի կերպ-մի կերպ, 2 մեքենա փոխելով՝ հասել էր տեղ: Մոշը  երկու ժամկետային զինծառայողների փրկեց, վնասվածքը մեջքից էր ստացել: Տեսել է, որ այդ արկը գալիս է իրենց ուղղությամբ, միանգամից նետվել է տղերքի վրա ու մարմնով փակել նրանց: 2 օր չեն կարողացել իրեն դիրքից իջեցնել, քանի որ ճանապարհը փակ է եղել, այդ 2 զինվորը որոշել են, որ գիշերով, ձեռքով պետք է Մոշի դին իջեցնեն, բայց հետո կարողացել են մեքենայով իջեցնել: Հորեղբոր տղան էլ է  Մոշի հետ նույն տեղում կռվել ու ամբողջ իրավիճակը տեսել է»:

Կամո Մինասյանի հետ նույն տեղանքում կռված տղաներից մեկն էլ 168.am-ի հետ զրույցում պատմեց Մոշի կատարած հերոսական սխրանքների մասին:

«Իր զոհվելուց 2 օր առաջ թշնամին ուզում էր մեզ շրջանցել, բայց Մոշը ևս 5 հոգու հետ բարձրացել է սարի վրա ու դրանց սաղին վերացրել, նստել է այդ դիրքում՝ ապահովելով մեր թիկունքը, հետո տեղափոխվեց այլ դիրք ու մինչև վերջ կռվելով՝ զոհվեց»,- պատմեց նա:

Կամո Մինասյանն ամուսնացած էր, ունի 1 դուստր և 2 որդի:

Տեսանյութեր

Լրահոս