Բաժիններ՝

Բայդենը պատրաստ է հետաձգելու Թրամփի հետ բանավեճերը՝ նրա կորոնավիրուսով վարակվելու պատճառով

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում հետաձգելու հաջորդ հեռուստաբանավեճերի անցկացումը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, ում մոտ ավելի վաղ նոր կորոնավիրուսով վարակում է հայտնաբերվել: Հոկտեմբերի 4-ին այս հայտարարությամբ ABC հեռուստաընկերության եթերում հանդես է եկել դեմոկրատի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Քեյթ Բեդինգֆիլդը։

«Մենք կարծում ենք, որ բանավեճերը պետք է տեղի ունենան նշված օրը, բայց դա կախված է բազմաթիվ գործոններից, առաջին հերթին՝ նախագահ Թրամփի առողջական վիճակից: Մենք նրան շուտափույթ եւ լիակատար ապաքինում ենք մաղթում (…),- նշել է Բեդինգֆիլդը:- Հուսով ենք, որ բանավեճերը կկայանան նշված օրը, բայց, անշուշտ, կհարմարվենք (գրաֆիկում) ցանկացած անհրաժեշտ փոփոխությունների»: Թրամփի եւ Բայդենի բանավեճերի առաջին փուլը կայացել է սեպտեմբերի 29-ի երեկոյան Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Մրցակիցներին տրված էր երկուական րոպե մոդերատորի հարցերի պատասխանների համար, ինչից հետո նրանք կարող էին ընդհատել միմյանց:

Բանավեճն սկսվելուց հետո մոտավորապես 10 րոպե անց թեկնածուներն անցել են անձնական վիրավորանքների: Նախագահական հեռուստաբանավեճերի հանձնաժողովում սեպտեմբերի 30-ին հայտարարել են, որ հաջորդ վիճաբանությունների ձեւաչափը կփոխվի մասնակիցների պահվածքի պատճառով: Թրամփի եւ Բայդենի երկրորդ բանավեճերը նշանակված են հոկտեմբերի 15-ին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), երրորդը՝ հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ): ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Այնտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս