«Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ նրան սխալ են զեկուցում». Արծրուն Հովհաննիսյան
Երեկ և այսօր մարտական գործողություններն աչքի ընկան ակտիվ և լայնածավալ ապատեղեկատվությամբ, որը տարածում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարությունը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի «գրավման» կապակցությամբ, թվարկում էին մյուս փոքր բնակավայրերը, որոնք Մատաղիսին հարակից են: Իսկ այսօր մենք հրապարակեցինք այն տեսանյութը, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում` հայկական զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ: Այսօր էլ շարունակվեց նույն ապատեղեկատվությունը, ընդ որում, «Թվիթերի» տեքստերը զուգագեռ փոխելով: Ջաբրայիլի «գրավման» հետ կապվածը ևս ապատեղեկատվություն էր: Ես երեկ հարց ուղղեցի` եթե Ալիևը վստահ է, որ Մատաղիսն «ազատագրել» են, ապա ինչու չի այցելում Մատաղիս: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք, որ Ալիևը սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում է գտնվում: Փաստացի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ սխալ են զեկուցում: Այսինքն, ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա, և զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել: Եվ զուգահեռ ոգևորվում է կեղծ ինֆորմացիայից ու սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար, փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են տեսանյութերով նույնիսկ»,-շեշտեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր ադրբեջանական ուժերը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել և կրելով կորուստներ հետ են շպրտվել: Սա նաև այն պատճառով, որ թուրքական ամենագործուն միջամտությունն այսօր չեզոքացվել էր` շնորհիվ մեր ՀՕՊ և այլ ստորաբաժանումների գործողությունների: Մասնավորապես, թուրքական ԱԹՍ-ները և օդուժը չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի կորուստներն ավելի շատ են եղել, փախուստները` ևս, առաջխաղացումը` չնչին: