Վրաստանի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար կանդրադառնա ամբողջ Կովկասի վրա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետագա սրումը շատ բացասական ազդեցություն կունենա ամբողջ Կովկասի տարածաշրջանի վրա: Այս մասին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դավիթ Զալկալիանին:
Հանդիպումը կազմակերպվել էր քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Զալկալիանին միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել առավելագույնս օգտվել իրենց համար ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ցանկացած հնարավորությունից:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ հետագա սրացումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Մենք գործել ենք, գործում ենք և գործելու ենք մեր բարիդրացիական հարաբերությունների հիման վրա [Հայաստանի և Ադրբեջանի հետ], իսկ Վրաստանը միշտ հավատարիմ եղել է և մնում է հարևանների հանդեպ իր ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև միջազգային պարտավորություններին»: